Ախալքալաքից 9 կմ հեռավորության վրա՝ խորանդունդ ձորի բերանին տարածվում է Սամցխե-Ջավախեթիի ամենայուրօրինակ համայնքներից մեկը՝ Կումուրդոն (Գումբուրդո)։
Գյուղի մասին առաջին հիշատակություններից մեկը թվագրվում է 6-րդ դարով։ Սակայն այսօրվա բնակիչների մեծ մասը 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Բալիշական գյուղից գաղթածների սերունդներն են։ Գյուղում, ըստ 2014 թվականի տվյալների, բնակվում է շուրջ 1950 մարդ, բոլորը հայեր։
Այստեղ մարդիկ ապրում են հնուց եկած ավանդույթներով, պահպանում նախնիներից ժառանգած մշակույթը։ Այդ մշակույթի գլխավոր մաս է կազմում 19֊րդ դարի օդաները, որոնք բնակիչները աչքի լույսի պես պահպանելով հասցրել են մինչև մեր օրեր։
Չնայած բարձրահարկ տներ են կառուցել, այնուամենայնիվ, խնամքով են պահում նախնիներից ժառանգած օդաները՝ իբրև հին մշակույթի անբաժանելի մաս։ Շատերը նույնիսկ մինչ օրս էլ ապրում են օդաներում։ Օդաների կառուցվածքից և բազմանախշ լինելուց էլ կարելի է հասկանալ ընտանիքը ունևոր է եղել, թե՝ ոչ։
Գյուղի և շրջանի ամենամեծ օդան պատկանում է Վարդանյանների ընտանիքին։ Օդան մինչև այսօր էլ օգտագործվում է։ Այստեղ ապրել է մինչև քառասուն հոգուց բաղկացած ընտանիք։ Այստեղ հավաքվել են գյուղի մեծերն ու զրուցել աշխարհից, առօրյա հոգսերից, խնդիրներին լուծումներ որոնել, երգել, ասմունքել։
Վարդանյանների ներկայիս տան տիրուհին՝ տիկին Վառվառան, «Ալիք մեդիային» պատմում է, որ մինչև հիմա էլ օգտագործում է օդան, հաց է թխում, ձմռան համար պահածոներ պատրաստում։
Օդաները շատ բան են պատմում բնակիչների կենցաղի, մշակութային բարքերի, գյուղական կոլորիտի մասին։ Օդաները բաղկացած են եղել մի քանի մասերից՝ անասնագոմից (գոմ), թնդրտնից (թոնրատուն), շվաքից (հով սենյակ), իսկ բուն օդան ծառայել է որպես հյուրասենյակ և ննջարան։
«Թոնրատունը ծառայել է որպես ճաշասենյակ, այստեղ տեղադրված է եղել թոնիրը։ Բոլոր օդաներում էլ կտեսնեք կավից պատրաստված թոնիրներ, որտեղ լավաշ են թխել, կերակուրներ պատրաստել»,-ասում է տան տիրուհին։
Թաթոս պապն, ով մեծացել է Վարդանյանների բազմանդամ ընտանիքում, մի պահ մտքերով գնում է մանկություն, հիշում իր տատիկին, ով թոնրի շուրջ հավաքելով ընտանիքի անդամներին՝ ամենքին իր բաժին կերակուրն էր տալիս։ Հիշում է, թե ինչպես է տատիկն իր ձեռքերով կավից կարասներ պատրաստել, որոնք խնամքով մինչև այսօր էլ օգտագործում են։
Օդաների գլխավոր մասերից է նաև օջախների առկայությունը։ Ջավախքի օջախների նախշերն ընդհանուր առմամբ տարբեր են՝ կենդանակերպի, թռչունների, կենաց ծառի, արեգակի սիմվոլներ են։ Սրանք իրենց ստուգաբանությամբ և նշանակությամբ հիշեցնում են տվյալ բնակիչների էթնոսի մասին։
Մարդիկ օդաների փոքրիկ մի հատվածում՝ պատի մեջ կամարաձև խորշեր են փորել, որտեղ պահել են Նարեկը (Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմը), որպես սուրբ գիրք, և այն դարձրել իրենց աղոթատեղին: Այն ժամանակ մարդկանց միակ դեղ ու դարմանը եղել է հենց սուրբ Նարեկ գիրքը, և իրենց անսահման հավատքն առ Աստված։
Մինչև այսօր էլ որոշ ընտանիքներում պահպանվել են այդ խորշերը և մարդիկ ամեն կիրակի գնում են ուխտ անելու։
Տիրուհի Համազարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր