
2025 թվականի մարտի 17-ին Վրաստանի դատախազությունը հրապարակել է պաշտոնական տեղեկություն, ըստ որի՝ դատախազության միջնորդության հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանք է դրել որոշ հիմնադրամների հաշվեհամարների վրա:
Դրանց թվում են «Փրոսփերիթի», «Ֆոնդ միմյանց համար 24/7», «Թբիլիսիի մարդու իրավունքների տուն», «Նանուկա» հիմնադրամները: Այս ՀԿ-ները և բարեգործական կազմակերպությունները մեղադրվում են ցույցերի համար սարքավորումներ ձեռք բերելու և ցույցերի ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար։
Մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ), արձագանքելով վերոնշյալ միջնորդությանը, գրել են. «Այս քայլը, ըստ երևույթին, քաղաքական դրդապատճառներ ունի, անհիմն կերպով դադարեցնում է կոնկրետ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքը և պատժում է բողոքի ակցիաների մասնակիցներին»:
«Սոցիալական արդարության կենտրոն»-ն արձագանքել է Թբիլիսիի քաղաքային դատարանի վերը նշված որոշումներին։
«Մեր գնահատմամբ՝ հիմնադրամների վերաբերյալ որոշումը խաղաղ, եվրոպամետ բողոքի ակցիաները ճնշելու և քրեականացնելու հերթական բացահայտ փորձն է, որը խախտում է երկրում քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանությունը և ներկայացնում է ավտորիտարիզմի համախմբման «Վրացական երազանք»-ի ագրեսիվ փորձ։ Սոցիալական արդարության կենտրոնը շարունակում է ուսումնասիրել խնդիրը, և դատարանի վճիռները հիմնադրամներին ներկայացնելուց ու վերլուծելուց հետո հանրությանը կտրամադրենք լրացուցիչ մանրամասն իրավական վերլուծություն»,- գրված է ՀԿ-ի հաղորդագրության մեջ:
«Թբիլիսիի մարդու իրավունքների տուն»-ը (Human Rights House Tbilisi), որն իր հերթին միավորում է մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների, նույնպես հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ ՀԿ-ն պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան չեղարկելու հայցով հիմնադրամի հաշիվների վրա կալանք դնելու Քաղաքային դատարանի որոշումը: Կազմակերպությունը նաև դատախազությանը կոչ է արել դադարեցնել հետաքննությունը և վերացնել կազմակերպության հաշիվների վրա կալանքը։
Human Rights House-ը նշել է, որ իր բոլոր հաշիվների սառեցման պատճառով ստիպված է եղել կասեցնել բոլոր ծրագրերը և դադարեցնել օգնություն տրամադրել բոլոր շահառուներին, այդ թվում՝ եվրոպամետ բողոքի ակցիաներին չառնչվողներին:
«Ալիք Մեդիա Վրաստանի»-ի հետ զրույցում փորձագետները, գնահատելով հիմնադրամների հաշվեհամարների սառեցումը, պնդեցին. «Սա քաղաքացիական կազմակերպությունների ոչնչացման քայլ է»։ Նրանց գնահատմամբ՝ այդ կազմակերպությունների նկատմամբ կիրառված արգելքը լիովին անօրինական է և պետք է հանվի։
Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց.
«Իհարկե, սա քաղաքացիական կազմակերպությունների ոչնչացման քայլ է։ Կառավարությունը ցանկանում է, որ անկախ կազմակերպություններ չլինեն, հատկապես նրանք, ովքեր օգնում են այն քաղաքացիներին, ում իրավունքները խախտվել են, և օգնում են նրանց փաստաբանների հարցում կամ տուգանք վճարելով»:
Հանրային նախկին պաշտպանն ընդգծեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգնելու քաղաքացիներին։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչ այլընտրանքային տարբերակներ կարելի է դիտարկել, քանի դեռ խնդիրը չի լուծվել՝ Նանուաշվիլին դիտարկեց Քրաուդֆանդինգի (crowdfunding) տարբերակը. նշենք՝ Crowdfunding հարթակը առցանց տարածություն է, որտեղ անհատները կամ փոքր ներդրողները ֆինանսավորում են տարբեր գաղափարներ կամ նախագծեր: Դա համարվում է նաև երկկողմանի «շուկա», որը կապում է երկու տեսակի տնտեսվարող սուբյեկտների՝ նախագծի հեղինակին և ներդրողին: Crowdfunding-ը քաղաքացիական նախաձեռնությունների և այլ գործունեության ֆինանսավորման կարևոր այլընտրանքային աղբյուր է։
«Կարելի է դիտարկել Crowdfunding տարբերակը՝ որի միջոցով գումարի հավաքագրումը տեղի կունենա որոշ խմբերի, նաև այլ նոր կազմակերպությունների կամ անձնական հաշիվների, արտերկրում ապրող ձեռնարկությունների կամ անհատների կողմից` մինչև խնդրին էական լուծում կտրվի»,- նշեց Նանաուաշվիլին:
Այլ փորձագետներ և փաստաբաններ ևս արձագանքել են վերոնշյալ դեպքի հանգամանքներին: Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 17-ին դատախազության պահանջով բարեգործական հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվների սառեցմանն անդրադառնալով գրել է.
«Ուզում եմ ասել, որ մենք պետք է այլ կերպ նայենք այս հարցին, գտնենք ուղիներ, որոնցով կարող ենք օգնել այդ մարդկանց»:
«Վրացական ժողովրդավարական նախաձեռնության» փաստաբան Էդուարդ Մարիխաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դատարանի կողմից հիմնադրամների բանկային հաշիվների վրա արգելանք դնելու որոշումն անհիմն և անօրինական է:
«Ուրիշի համար տուգանք վճարելը Վրաստանի օրենսդրությամբ արգելված գործողություն չէ: Ոչ էլ ուրիշի համար տուգանք վճարելու համար գումար հավաքելը վրացական օրենսդրությամբ արգելված արարք է:
Գումար հավաքելը և ուրիշի համար տուգանք վճարելը դիվերսիա չի և/կամ դիվերսիոն նախապատրաստություն, քանի որ անհնար է դիվերսիա կատարել կամ դիվերսիայի նախապատրաստվել վրացական օրենսդրությամբ թույլատրված գործողությունների միջոցով»,- գրել է փաստաբանը:
ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլերը ևս մտահոգություն է հայտնել հիմնադրամների հաշիվների սառեցման կապակցությամբ։ Նրա խոսքով, մտահոգիչ է նաև այն, որ դրամական միջոցների առգրավումը նախաքննության մաս է կազմում։ Նա կոչ է արել չեղարկել այդ որոշումը։
Ըստ «Վրացական երազանք»-ի կառավարության՝ այդ հիմնադրամների նպատակը բռնության խրախուսումն ու պետության գործառույթի վերացումն է։ Վրաստանի դատախազության տվյալներով՝ հետաքննության շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց բանկային գործարքները, որոնց նկատմամբ կասկած կա, որ նյութական աջակցություն են ցուցաբերում բողոքի ակցիաների հետ կապված տարբեր անօրինական և որոշ դեպքերում հանցավոր գործողությունների։
Թեմային առնչվող նյութերին ծանոթացեք ստորև.
Հիմնադրամների հաշիվները սառեցվել են հակաարևմտյան շարժման բողոքի հիման վրա
Հաշիվները սառեցված հիմնադրամները նաև սոցաջակցություն էին ցուցաբերում մարդկանց