Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան էջում հրապարակած նոր ուղերձում ասում է՝ գտնվում է ոչ թե վրացական, այլ ռուսական բանտում։
Սաակաշվիլիի խոսքով՝ իրեն այլևս թույլ չեն տալիս կապվել փաստաբանի հետ։
«Անձնական փաստաբանիս հետ շփվելն արգելված է։ Հանդիպումների սենյակում ապակե պատն ամբողջությամբ փակ է, ինչը նշանակում է, որ մենք այլևս չենք կարող փաստաթղթեր փոխանակել։ Նման բան երբևէ չի եղել Վրաստանում և առավել ևս՝ Եվրոպայում։ Այսօրվանից կտրականապես հրաժարվում եմ ցանկացած բժշկական հետազոտությունից, բուժման բոլոր ծառայություններից։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել պաշտպանների հետ կապ հաստատելու իմ իրավունքը։ Գործնականում գտնվում եմ ոչ թե վրացական, այլ ռուսական բանտում, նույնիսկ անձնակազմին են այստեղ ստիպում ռուսների պես վարվել», — նշել է Սաակաշվիլին:
Վրաստանի երրորդ նախագահն անդրադարձել է նաև Ուկրաինայի հանրային պաշտպանի հետ հանդիպմանը՝ նշելով, որ շատ շնորհակալ է Լյուդմիլա Դենիսովային։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Նա հացադուլի մեջ է արդեն 28 օր։
Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարացել է, սակայն նա հրաժարվում է բանտի հիվանդանոց տեղափոխվել։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր