Վիճահարույց «գործակալների օրենքի» ընդունումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով Վրաստանում են ամերիկացի սենատոր Ջին Շահինը և կոնգրեսական Մայք Թերները: Սենատորն ու կոնգրեսականը հանդիպել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակի Չիքովանիի, ընդդիմության ներկյացուցիչների հետ, այցելել են օկուպացիոն գիծ և այլն: Ջին Շահինի խոսքով՝ իրենք ցանկացել են հանդիպել նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն մերժում են ստացել։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ամփոփում է սենատորի և կոնգրեսականի այցն ու ներկայացնում հիմնական ուղերձները:
«Ռուսական օրենք», ընտրություններ, անվտանգություն և ԱՄՆ-ի աջակցություն. հանդիպում նախագահի հետ
Զուրաբիշվիլին սենատորին և կոնգրեսականին հյուրընկալել է նախագահական նստավայրում: Նախագահը X սոցիալական ցանցում գրել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը, առաջիկա ընտրությունները, ռուսական օկուպացիան, հիբրիդային պատերազմը և Սև ծովի անվտանգությունը։
«Հիշյալ այցը Վրաստանին Ամերիկայի Միացյալ Նահանգների հզոր աջակցության ևս մեկ ապացույց է»,- նշել է նախագահը։
Ավելի ուշ նախագահի աշխատակազմը հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ սենատոր Շահինը և կոնգրեսական Թերները «կտրուկ գնահատական» են տվել իշխող ուժի ձեռնարկած քայլերին, ինչպիսին է «ռուսական օրենքը», որը վնասում է վրացական ժողովրդավարությանը, Վրաստանի եվրոպական ուղուն և երկկողմ հարաբերություններին։ Կողմերն ընդգծել են իշխող թիմի վնասակար հակաարևմտյան հռետորաբանությունը։
Ըստ նախագահի կայքի՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև հոկտեմբերին նշանակված ընտրություններին։ Զուրաբիշվիլին նշել է, որ այս ընտրությունները հանրաքվեի նշանակություն ունեն Վրաստանի եվրոպական ճանապարհի և ժողովրդավարական ապագայի համար։ Նախագահն ընդգծել է ընտրողների մոբիլիզացման կարևորությունը և հանդիպման մասնակիցներին ներկայացրել «Վրացական խարտիան»՝ որպես եվրոպական հանձնարարականների կարճաժամկետ իրականացման գործողությունների ծրագիր և Եվրամիության հետ անդամակցության բանակցություններ սկսելու կարևոր գործիք։
Զուրաբիշվիլիի խոսքով, շատ կարևոր է, որ վրաց ժողովուրդը զգա ԱՄՆ-ի աջակցությունը։ Բացի այդ, կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների խորացման և ամրապնդման համար «Բարեկամական ակտի» կարևորության մասին։
Վարչակազմի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը, Օչամչիրեիի նավահանգստի հարցը։
Սենատոր Շահինն արձագանքելով Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը, X սոցիալական ցանցում գրել է. «Հաճելի է, որ ես իմ այցը Վրաստան սկսեցի նախագահ Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից։ Ես երախտապարտ եմ եվրատլանտյան ապագայի հանդեպ նրա ամուր նվիրվածության համար. սա հավակնություն է, որը կիսում է վրաց ժողովրդի մեծ մասը»:
Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերսկսման անհրաժեշտությունը
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն սենատորին և կոնգրեսականին հանդիպել է Վրաստանի կառավարության աշխատակազմում: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում առկա մարտահրավերներին։
«Կառավարության ղեկավարն ընդգծել է հարաբերությունների վերսկսման և բարելավման անհրաժեշտությունը, ևս մեկ անգամ հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը այդ գործում։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանը մնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հուսալի և հավատարիմ դաշնակիցը և հուսով է, որ երկկողմ հարաբերությունները կվերադառնան զարգացման դրական դինամիկային», — նշված է հայտարարության մեջ:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Կոբախիձեն հանդիպումից հետո X սոցիալական ցանցում գրել է. «Եվս մեկ անգամ ես նշեցի Վրաստանի պատրաստակամությունը՝ վերականգնելու և վերսկսելու մեր հարաբերություններն ու համագործակցությունը՝ ամրապնդելու երկկողմ կապերը և նպաստելու ավելի մեծ զարգացմանը, բարգավաճմանը, խաղաղությանը և անվտանգությանը տարածաշրջանում և դրանից դուրս»:
Ավելի ուշ՝ հրավիրած մամուլի ասուլիսում կոնգրեսականները հիասթափություն են հայտնել Կոբախիձեի հետ հանդիպումից:
Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացում և «Արժանի գործընկեր» զորավարժության հետաձգման պատճառները. հնադիպում ՊՆ-ում
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի, սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թերների հանդիպման մասին տեղեկություն են տարածել Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը և ԱՄՆ դեսպանատունը։
Դեսպանատունը նշել է, որ սենատորն ու կոնգրեսականը պաշտպանության նախարարի հետ քննարկել են «Արժանի գործընկեր» զորավարժությունների հետաձգման պատճառները։
«Սենատոր Շահինը և կոնգրեսական Թերները հանդիպել են պաշտպանության նախարար Չիքովանիի հետ։ Նրանք մտահոգություն են հայտնել Վրաստանի կառավարության կեղծ նարատիվների կապակցությամբ, որոնք հանգեցրել են «Արժանի գործընկեր» զորավարժությունների հետաձգմանը»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Այստեղ նշվում է նաև, որ անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացմանը: Նրանք հաստատել են ԱՄՆ-ի հանձնառությունը՝ ամրապնդելու Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կարողությունը։
ՊՆ-ի տարածած տեղեկատվության մեջ ԱՄՆ դեսպանատան հաղորդած մանրամասները չեն նշվում։
«Զրույցի ընթացքում շոշափվել է Վրաստանի և ԱՄՆ-ի պաշտպանական համագործակցության արդի հարցերը։ Նշվել է Վրաստանի պաշտպանության ուժերի զգալի ներդրումը համաշխարհային անվտանգության ապահովման գործում»,- նշել են ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ռուսական օրենք»-ի ազդեցությունն ու առաջիկա ընտրությունները. հանդիպում քաղհասարակության հետ
Կոնգրեսականն ու սենատորը հանդիպել են նաև Վրաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպումից հետո կազմակերպությունների ներկայացուցիչները լրագրողներին ասել են, որ խոսակցության հիմնական թեման գալիք ընտրությունները և «գործակալների օրենքն» է եղել։
«Նրանք ասացին, որ այստեղ են, քանի որ աջակցում են վրաց ժողովրդին և ոչ մի դեպքում չեն լքի վրաց ժողովրդին», — ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» կազմակերպության ղեկավար Էկա Գիգաուրին։
«Արդար ընտրությունների» ղեկավար Նինո Դոլիձեն լրագրողներին ասել է, որ երկրում ժողովրդավարական գործընթացները երկկուսակցական աջակցություն ունեն Ամերիկայում. «Մենք խոսել ենք առաջիկա ընտրությունների մասին, նրանք մեծ շահագրգռվածություն ունեն, որ այս ընտրությունները լինեն ազատ ու ժողովրդավարական։ Խնդիրներից մեկն էլ «ռուսական օրենքն» էր և այդ օրենքի ազդեցությունը»։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես տեղեկատվություն է տարածել հանդիպման մասին և նշել, որ քաղաքացիական հասարակությունը չափազանց կարևոր դեր է խաղում Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ճանապարհին, այդ թվում՝ ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար այդ կազմակերպությունների աշխատանքով։
«Հանդիպման ընթացքում սենատոր Շահինը և կոնգրեսական Թերներն ընդգծել են ԱՄՆ-ի հանձնառությունը Վրաստանում ազատ և արդար ընտրական գործընթացին աջակցելու հարցում, որպեսզի բոլոր վրացիներն իմանան, որ իրենց ձայնը հաշվվելու է, և որ իրենց ձայնը կարևոր է», — ասվում է դեսպանատան մեջ:
Հանդիպում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների հետ
Նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներից հետո օգոստոսի 10-ի երեկոյան ԱՄՆ սենատորը և կոնգրեսականը հանդիպել են ընդդիմադիր և իշխող կուսակցության անդամների հետ։ ԱՄՆ դեսպանի նստավայրում տեղի ունեցած ընդունելությանը ներկա էին նաև նախկին պետական ծառայողներ։
«Բազմաթիվ մարդիկ էին ներկա, և՛ սենատորնը, և՛ կոնգրեսականը հնարավորություն ունեցան հանդիպելու պետական պաշտոնյաների։ Մեզ համար կարևոր է, երբ կա երկխոսության հնարավորություն»,- նստավայրից դուրս գալուց հետո ասել է իշխող «Վրացական երազանք»-ի անդամ, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին։
Ընդդիմադիր «Գիրչի- առավել ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեն նշել է. «Ընդունելությունը եղել է ոչ պաշտոնական միջավայրում, մենք խոսել ենք այն խնդիրների մասին, որոնք կան այս երկրում, առաջիկա ընտրություններից և այն մասին՝ ինչ ենք ակնկալում…»:
Հանդիպմանը մասնակցել են նաև Նինո Ծիլոսանին («Վրացական երազանք»), Թինա Բոկուչավան («Միացյալ ազգային շարժում»), Իագո Խվիչիան («Գիրչի»), Բադրի Ջափարիձեն («Լելո»), Ալեկո Էլիսաշվիլին («Քաղաքացիներ»), Անա Դոլիձե («Ժողովրդի համար»), Թեոնա Աքուբարդիա (անկուսակցական պատգամավոր), Գիորգի Գախարիա («Վրաստանի համար»): Նաև պաշտպանության նախկին նախարարներ Իրակլի Ալասանիան և Թինա Խիդաշելին, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։
Այց օկուպացիոն գիծ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Շահինը և կոնգրեսական Թերները այցելել են օկուպացիոն գիծ։ Տեղեկությունը տարածել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Տասնվեց տարի է անցել այն պահից, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան։ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակական օկուպացիան և սահմանը խարխլում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ազդում վրացիների վրա… Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Ռուսաստանին կատարել իր պարտավորությունները 2008 թվականի հրադադարի համաձայնագրով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ»,- ասվում է դեսպանատան կայքում։
Հիասթափություն, անորոշություն և անհանգստություն. ամերիկացի քաղաքական գործիչները ամփոփել են այցը Վրաստան
Թբիլիսի ժամանած ամերիկացի քաղաքական գործիչները, դեմոկրատ սենատորը և հանրապետական կոնգրեսականը Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կիսվել են իրենց տպավորություններով։ Ջին Շահինը դեմոկրատ սենատոր է, իսկ Մայք Թերները՝ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ և հետախուզության հանձնաժողովի նախագահ:
Ասուլիսի ընթացքում երկուսն էլ ընդգծել են, որ իրենց այցը «երկկուսակցական» է և «երկպալատ», ինչը նշանակում է, որ Վրաստան են ժամանել երկու խոշոր կուսակցությունների և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչները։
Շահինն ու Թերները նշել են, որ իրենք հատուկ են եկել Վրաստան, և այս այցը տարածաշրջանային շրջագայության մաս չէ, ինչպես սովորաբար լինում է ամերիկացի քաղաքական գործիչների դեպքում։
«Մենք եկել ենք կենտրոնանալու ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ամուր հարաբերությունների, ժողովրդավարության, եվրաինտեգրման և Վրաստանում մարդկանց ամուր աջակցության վրա..»,- ասել է կոնգրեսական Թերները։
Հիասթափություն Կոբախիձեի հետ հանդիպումից
«Ես հիասթափված էի, որ (Իրակլի Կոբախիձեն-հեղ.) ոչինչ չասաց այն մասին, թե ինչ է պատրաստվում անել ինքը կամ իր կառավարությունը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու համար»,- ասել է սենատոր Շահինը վարչապետի հետ հանդիպումից հետո իր տպավորությունների մասին:
Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը չի ասում, որ անհանգստացած է ԱՄՆ-ի հետ «30-ամյա ամուր հարաբերությունների» վատթարացմամբ:
«Մենք աջակցել ենք Վրաստանի ժողովրդավարական նկրտումներին, աջակցել ենք Վրաստանի տնտեսությանը, ժողովրդին և այն, ինչ ցանկանցել են անել։ Ինձ համար հիասթափեցնող է, որ թվում է, թե վարչապետը շահագրգռված չէ այս հարաբերությունների շարունակմամբ»,- ասել է Շահինը։
Հանրապետական կուսակցության անդամ Մայք Թերները նույնպես խոսել է Կոբախիձեից իր հիասթափության մասին. «Ինձ նույնպես հիասթափեցրեց վարչապետի պատասխանը»:
Նա հավելել է, որ Կոբախիձեն որևէ կերպ չի նշել, որ «ինչ-որ պատասխանատվություն է վերցնում ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացման համար»։
«Ավելին, (Կոբախիձեն-հեղ.) ակնարկում էր, որ երկկողմ հարաբերությունները (փչացնելը-հեղ.) միայն Միացյալ Նահանգների մեղքով է», — ասել է Թերները։
Թրամփի և Բայդենի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ նույնն է
Ուշագրավ է, որ «Վրացական երազանքի» անդամները վերջերս հրապարակավ խոսել են այն մասին, որ Դոնալդ Թրամփի հաղթանակն իրենց ձեռք է տալիս։ Կոբախիձեն հուլիսի 22-ին ասել է. «Եթե Թրամփը հաղթի, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, քան ցանկացած այլ դեպքում, հետևաբար, տարածաշրջանն ավելի շուտ կհանդարտվի, և նման իրավիճակում Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի, Վրաստանի նկատմամբ ավելի շատ արդարություն կլինի»։
«Ազատություն» ռադիոկայանն ԱՄՆ քաղքական գործիչներին հարցրել է՝ ինչ սպասել, եթե հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։
Դոնալդ Թրամփի գործընկեր կոնգրեսական Մայք Թերները համաձայն չէ Վրաստանի վարչապետի հետ։ Նրա խոսքով՝ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը «երկկուսակցական և երկպալատ է»:
«Եթե նայեք Թրամփի և Բայդենի վարչակազմերի վարած քաղաքականությանը, կտեսնեք, որ ոչինչ չի փոխվել, և երկու կառավարությունների քաղաքականությունը նույնն է եղել։ Սա Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների կառուցումը և եվրաինտեգրման աջակցությունն է»,- ասել է Թերները։
Շահինին համաձայնել է իր գործընկերոջ հետ և նշել, որ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը նույնն է լինելու՝ «անկախ նրանից՝ նախագահը հանրապետական է, թե դեմոկրատ»։ «Ես չեմ ակնկալում, որ դա կփոխվի»,- հավելել է դեմոկրատ սենատորը։
Մերժում Իվանիշվիլիից
Շահինիի խոսքով՝ ինքն ու Մայք Թերները ցանկացել են հանդիպել նաև Բիձինա Իվանիշվիլիին, ինչից վերջինս հրաժարվել է։
«Հիմք ընդունելով այն, ինչ մենք լսում ենք մարդկանցից, պարզ է, որ նա երկրի առանցքային որոշում կայացնողներից մեկն է: Ուստի ցավալի է, որ մենք չհանդիպեցինք»,- ասել է սենատորը։
Կոբախիձեի խոսքով՝ Իվանիշվիլին ամերիկացի գործընկերներին հստակ բացատրել է, թե ինչու չի հանդիպել նրանց հետ, սակայն չի ասել, թե որն է պատճառը։
«Որոշումը կարող է արդյոք հրապարակային դառնալ, կախված է Բիձինա Իվանիշվիլիից և մեր ամերիկացի գործընկերներից։ Եթե օրակարգում լինի հրապարակայնացնելը, համապատասխան կողմերը որոշում կկայացնեն»,- ասել է վարչապետը։
Ուշագրավ է, որ սա ամերիկացի սենատորի և կոնգրեսականի առաջին այցն է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրեց Վրաստանի ֆինանսավորման մի մասը՝ «գործակալների օրենքի» ընդունումից հետո։ Հայտնի չէ՝ արդյոք նրանց այցը կապված է «գործակալների օրենքի» ընդունման հետ։
Հիշեցնենք. չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն: Այդ օրենքը «օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ» է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։
Օրենքի ընդունումից հետո Եվրամիության կողմից արդեն դադարեցվել է Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, և ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգել է ռազմական պատրաստությունը։ Խոսքը նաև Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում ԱՄՆ-ի կողմից իրականացվող նախագծերի կասեցման մասին է։