Սեպտեմբերի 8-9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում էր: Սա Փաշինյանի առաջին այցն էր Վրաստան` հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից եւ նրա` վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Փաշինյանի առաջին այցն էր նաև 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած լայնամասշտաբ պատերազմից հետո։
Այցի առավոտյան Երևանում տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նշեց, որ վարչապետ վերանշանակվելուց հետո եղել է Իրանում, իսկ հաջորդիվ լինելու է Վրաստանում, և երկու դեպքում էլ օրակարգում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է՝ այս համատեքստում կարևորելով «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը Իրանի հետ Հայաստանի սահմանը կապում է Վրաստանի սահմանի հետ։
Այցը կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներով, ինչպես նաև երկու երկրների, այդ թվում տարածաշրջանի համատեքստում համագործակցության խորացման շուրջ հարցերով:
Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը պաշտոնապես դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Փաշինյանն այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել իր վրաստանյան գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ինչպես դեմ-առ դեմ, այնպես էլ՝ ընդլայնված ձևաչափով: Վարչապետները համատեղ հայտարարություն են արել մամուլի համար:
Ալիք Մեդիան առանձնացրել է համատեղ հայտարարության ընթացքում հնչած կողմերի հիմնական ուղերձները:
Կոնֆլիկտներ և տարածաշրջան
Իր խոսքում Փաշինյանը երախտագիտություն հայտնեց վրացական կողմին և Վրաստանի վարչապետին` այն ջանքերի համար, որ Վրաստանը գործադրել է Ադրբեջանից 15 hայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում՝ ընդգծելով, որ դա նշանակալի նպաստ էր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Թեմայի շուրջ վարչապետը կատակեց, որ այդ օրերին վրաց գործընկերոջ հետ ավելի շատ էր շփվում, քան՝ իր էլեկտորատի: Խոսելով տարածաշրջանում հակամարտությունների մասին, Փաշինյանը նշեց. «Կարծում եմ, որ հնարավորությունների կիրառման հարցում միմյանց աջակցելն այն բանաձևն է, որ կնպաստի ռիսկերի կառավարման հարցում»:
Այսպիսով, խոսվեց նաև տարածաշրջանային մակարդակում համագործակցության մասին՝ տարանցիկ ճանապարհներ, տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացում և այլն: Տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման հարցում ընդգծվեց Իրանի ու Վրաստանի հետ բանակցությունների օրակարգը: Փաշինյանը նշեց, որ հարևան երկրների հետ հարաբերությունների խորացումն իր իշխանության արտաքին քաղաքականության հիմնական ու կարևոր ուղղությունն է լինելու: Իր հերթին, Ղարիբաշվիլին տարածաշրջանի պետությունների կապող հիմնական ուղղությունների իր տեսլականն է նշել՝ «Կայունություն, բարեկեցություն և խաղաղություն»:
Միջգերատեսչական համագործակցություն և կորոնավիրուսի դեմ պայքար
Փաշինյանը շեշտեց, որ շուտով կակտիվանա նաև երկու երկրների միջգերատեսչական համագործակցությունը, նշեց նաև, որ կորոնավիրուսի դեմ պայքարում իրար օգնելու պատրաստակամություն կա:
Վրաստանի էթնիկ հայերի հարցը
Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ նաև Վրաստանի հայությանը` նշելով, որ նրանք կշարունակեն Վրաստանի միասնականության համար լումա ներդնել և Վրաստանի զարգացման հարցում կարևոր դերակատարներ կլինեն: Նա նաև շնորհակալություն հայտնեց Ղարիբաշվիլիին, որ նպաստում են հայության ինքնության պահպանությանն ու զագացմանը Վրաստանում:
Նշենք, որ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վրաստանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: