«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հրավերով հանդիպում է կայացել ՀՀ-ի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ:
Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Վրաստանի քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև հակամարտության լուծման շուրջ տիրող իրավիճակը: Ներկաներն իրենց հերթին խոսել են Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում ընթացող զարգացումների մասին: Այս մասին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց ՀՀ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:
Ներկայացնելով հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, Աբրահամյանը նշեց, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել են նաև հայ-վրացական հարաբերություններին վերաբերող մի շարք կարևոր հարցեր․
«Դատական համակարգի, հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծման հարցում մենք աշխատում ենք վրացական փորձի դիտարկմամբ՝ կիրառման փուլում հնարավոր խնդիրները կրկնելուց խուսափելու համար: Խոսեցինք նաև մյուս երկրներում առկա կոնֆլիկտների մասին: Ես ընդգծել եմ, որ մենք այսօր նոր, կառուցողական դիրքերից ենք խոսում»։
Արչիլ Թալակվաձեն շեշտել է բոլոր երկրների հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ մասնակից երկրների հանդեպ Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ, մոտեցումներ ու դարերի պատմություն ունի:
Հիշեցնենք, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Թբիլիսիում են Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Նորա Առուստամյանը, Տարոն Սիմոնյանը:
Նստաշրջանը կտևի դեկտեմբերի 8-10-ն ընկած ժամանակահատվածում: