Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն այցելել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության բաժին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ըստ տեղեկության՝ հյուրերին ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, փոխնախարար Գիորգի Բութխուզը և պարեկային ոստիկանության վարչության պետ Վաժա Սիրաձեն։
Վաժա Սիրաձեն ՀՀ ոստիկանապետին և պատվիրակության անդամներին ներկայացրել է պարեկային ոստիկանության բաժնի գործունեությունը, իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա անելիքները։
ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին հյուրերին ցույց է տվել պարեկային ոստիկանության բրիգադների մեքենաներն ու տեխնիկան։ Հայաստանի իրավապահներն այցելել են նաև Պարեկային ոստիկանության միասնական սպասարկման կենտրոն, որտեղ ծանոթացել են այն ծառայություններին, որոնք քաղաքացիները կարող են ստանալ «մեկ պատուհանի» սկզբունքով։
Այցի ընթացքում ՀՀ ոստիկանապետը և պատվիրակության անդամները կայցելեն ՆԳՆ սպասարկման գործակալություն, Հանրային անվտանգության կառավարման կենտրոն՝ «112» և ՆԳՆ ակադեմիա։