ՀՀ քաղաքացուն տեղափոխող ուղղաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Վրաստանում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխել են Հայաստան։ Նա «Էրեբունի» բժշկական կենտրոնում է:

Հիշեցնենք, որ Վրաստանում՝ Գորի քաղաքի մոտակայքում, հուլիսի 7-ի լուսաբացին հայկական մեքենա էր վթարվել։ Մեքենայում եղել է հինգ հոգուց բաղկացած ընտանիք, նրանց երկու սանիկներն ու սանիկների մայրը։ Վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է (ընտանիքի մայրը, երեխաներից մեկն ու ընտանիքի սանիկը), 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գորիի հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը (ընտանիքի հայրը, որը եղել է վարորդը և երեխան) բժիշկները գնահատում են ծանր։ Ուղղաթիռով Հայաստան է տեղափոխվել վարորդը։

Նշենք, որ մյուս երեք քաղաքացիները երեկ արդեն տեղափոխվել էին Հայաստան, իսկ երեխան, որի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում, դեռևս կշարունակի մնալ Թբիլիսիում։