Վրաց-հայկական սահման տանող Մառնեուլիի մունիցիպալիտետում երեկ կեսգիշերին հայտարարված կարանտինային ռեժիմը, երբ փակվեց մունիցիպալիտետի ելումուտը, հանկարծակիի է բերել ՀՀ մի շարք քաղաքացիների, որոնք պլանավորել էին այսօր վերադառնալ հայրենիք։
Խնդիրն այն է, որ դեռևս երեկ` մարտի 22-ին, Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդեց, թե Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան Վրաստան մուտք գործել, իսկ Հայաստանի քաղաքացիները Հայաստան մեկնել միայն Սադախլոյի անցակետով՝ այն էլ միայն որոշակի ժամերի՝ 10:00-18:00-ը, իսկ բեռնափոխադրողների համար բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների:
Իրավիճակը փոխվեց արդեն երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ Մառնեուլիում կորոնավիրուսի վարակակիր կա, ավելին՝ նա մասնակցել էր բազմամարդ սգո արարողության, և երեկոյան կառավարության հրավիրած արտակարգ բրիֆինգի ժամանակ հաղորդվեց, որ Մառնեուլիում ու Բոլնիսիում խիստ կարանտինային ռեժիմի անցման մասին, փակվեցին երկու մունիցիպալիտետների ելումուտը։
Այսօր առավոտից «Ալիք մեդիայի» նկարահանող խումբը վրաց-հայկական սահման տանող Մառնեուլիի մունիցիպալիտետի մուտքի մոտ է, որտեղ մեկ գիշերվա ընթացքում սահմանակետ է կառուցվել ու հատուկ զինտեխնիկա մոբիլիզացրել։
Օրվա ընթացքում ՀՀ մի քանի քաղաքացիներ են փորձել անցնել Մառնեուլիով՝ վրաց-հայկական սահմանին հասնելու համար։ Ըստ Վրաստանում Հայաստանի դեսպանության՝ այսօր ՀՀ չորս քաղաքացու թույլ է տրվել հատել սահմանը՝ այդ թվում՝ ՀՀ քաղաքացի մի տարեց կնոջ։
«Ամբողջ օրվա ընթացքում թույլ չէր տրվում մոտենալ Մառնեուլիում տեղակայված անցակետին՝ վրաց-հայկական սահմանը հատելու նպատակով։ Ոստիկանները պատճառաբանում էին, թե միևնույնն է սահմանը փակ է ու հատել հնարավոր չէ, իսկ արդեն հետ վերադառնալ` չի թույլատրվի»,- «Ալիք մեդիային» ասում է Մառնեուլիի անցակետի մոտ հավաքված մեքենաներից մեկի վարորդը։
Մեր թղթակիցները տեղից հայտնում են, որ երեկոյան 20։30-ի տվյալներով Մառնեուլիի անցակետի մոտ հանդիպել են ՀՀ 4 քաղաքացու, որոնք դեռևս շարունակում են սպասել սահմանի բացմանը։ Բեռնատարներ սահմանին չկան։
Ավելի վաղ ներկայացրել էինք տեսանյութ, թե ինչ իրավիճակ է տիրում Մառնեուլիի անցակետի մոտ:
Իրավիճակը վրաց-հայկական սահման տանող՝ կարանտինային գոտի Մառնեուլիում
Posted by Aliq Media on Monday, March 23, 2020