Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով կժամանի Վրաստան՝ երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Տեղեկությունը տարածել է ՀՀ ԿԳՄՍ-ն:
Նշվում է, որ Վրաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին» հուշագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև:
Ըստ հաղորդագրության՝ ևս մեկ հուշագիր կստորագրվի Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության վերաբերյալ:
«Պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: