Հայաստանի Հանրապետության Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը բաց նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Պատգամավորը նամակում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և հույս է հայտնում, որ Ղարիբաշվիլին իր դրական ներդրումը կունենա այս խնդրի լուծման գործում։
Վահրամ Աթանեսյանը գրել է.
«Օգնեք աղետյալներին, բատոնո Իրակլի
Բաց նամակ Վրաստանի վարչապետ պարոն Իրակլի Ղարիբաշվիլիին
Մեծարգո պարոն վարչապետ
Անշուշտ տեղյակ եք, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղ ոչ մի գրամ պարենամթերք մուտք չի գործել։ Ներքին ռեսուրսները սպառվելու վրա են։ 120 հազար մարդ կանգնած է սովամահության անդունդի եզրին։ Արդեն ունենք մանկահասակ երկու երեխայի, բուժօգնությունից զրկված տասնյակ անձանց մահվան դեպքեր։ Եվս մեկ-երկու շաբաթ, և աղետը կհատի անդառնալիության սահմանը։
«Բատոնո Իրակլի
Ես հիշում եմ մի դեպք․ 2007 թ․ Ծաղկաձորում, որտեղ հավաքվել էին վրացիներ, աբխազներ, հայեր եւ ադրբեջանցիներ, որպեսզի կլոր սեղանի շուրջ քննարկեն Հարավային Կովկասում խաղաղության եւ համագործակցության հնարավորությունը, ականատես եղա երկու ամուր տղամարդու գրկախառնությանը։ Ինձ ասացին, որ նրանցից մեկը վրացի է, մյուսն՝ աբխազ եւ իրար գիտեն Սուխումիի դաժան մարտերից։ Դա ասպետականության վառ օրինակ էր, որի տպավորությունը չի լքում արդեն 16 տարի։
Ես գիտեմ, որ Վրաստանը փայլուն հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ինչի համար անկեղծորեն ուրախ եմ։ Երախտապարտ եմ Ձեր բարձր միջնորդության համար, որի արդյունքում հայ գերիներ են Բաքվից հայրենադարձվել։
Դուք պատրաստակամություն եք հայտնել հայ-ադրբեջանական երկխոսության հարթակ տրամադրել։ Շնորհակալություն այդ անկեղծ վերաբերմունքի համար։
Բատոնո Իրակլի, ես Ձեզ խնդրում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած բարեկամությունը ի սպաս դնել եւ նրա հետ քննարկել Լեռնային Ղարաբաղ Վրաստանի մարդասիրական օգնություն հասցնելու հարցը։
Լեռնային Ղարաբաղում սիմինդրի ալյուրից հացը անվանում են «ճաթ»։ Դա վրացերեն «ճադի»-ի մի փոքր հնչյունափոխված ձեւն է, ինչը վկայում է, որ Լեռնային Ղարաբաղը Վրաստանի հետ «հացի ընկերության» շատ խորը կապեր ունի։
Երբ Երևանը հրաժեշտ էր տալիս հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազին, Վրաստանը ներկա էր իր ամենատաղանդավոր զավակներից մեկով՝ Նոդար Դումբաձեով։ Դամբանականի իր խոսքում նա ասաց, որ «վրացին եղբոր մահը լուռ է սգում, բայց հիշատակը պահում է մինչեւ սրտի վերջին զարկը»։
Ես չէի ցանկանա, որ Վրաստանը լուռ սգար Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ եղբայրների եւ քույրերի, 30 հազար մանուկների սովահարությունը», — այսպես է ավարտում Վահրամ Աթանեսյանն իր բաց նամակը Իրակլի Ղարիբաշվիլիին։