Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին այսօր հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:
Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցեր: Մասնավորապես ընդգծվել է հարկային և մաքսային ոլորտում գործընկերության կարևորությունը և խոսվել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորության մասին:
Երկու նախարարներն էլ անդրադարձել են COVID-19 համաճարակով պայմանավորված մարտահրավերներին և հետհամաճարակային շրջանում համագործակցության հետագա ակտիվացման անհրաժեշտությանը:
Վրաստանի Ֆինանսների նախարարության տեղեկատվությամբ, հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Խունդաձեն, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և պատվիրակության այլ անդամներ: