ՀՀ դեսպանն այցելեց Սաբաթլո

Կախեթիի տարածաշրջանի Սաբաթլո գյուղը վրաց-ադրբեջանական սահմանի մոտ է գտնվում, միակ հայաբնակ գյուղն է։ 

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեցին աղ ու հացով, երգ ու պարով: Բնակիչներն ասում են՝ հայ պաշտոնյաներ այստեղ վաղուց չէին տեսել, ուշադրությունից զարմացած են։ Դեսպանը Կախեթիի նահանգապետ Իրակլի Քանդագիշվիլիի ուղեկցությամբ նախ շրջեց դպրոցում, ապա հանդիպում ունեցավ բնակիչների հետ, լսեց նրանց խնդիրները:

438 բնակիչ ունեցող գյուղում վերջին անգամ  ճանապարհ նորոգվել է 1981 թվականին։

Գյուղից շրջկենտրոն Դեդոփլիծղարո 70 կմ է։ Ճանապարհը 2020 թվականին կնորոգվի՝ պատկան մարմինները խոստացան։

 

Դպրոցը գյուղի ձեռքբերումներից է։ 60 աշակերտ ունեցող դպրոցը վերջերս նորոգվել է ու պատրաստ է նաև իր հարկի տակ ընդունել նախադպրոցական տարիքի փոքրիկներին։ Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից բերված նվերների շարքում հայալեզու գրականություն է։

 

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն առաջարկեց խնդիրները գրավոր ձևակերպել ու ներկայացնել՝ դրանց ըստ առաջնահերթության լուծում տալու նպատակով:

«Մեր  նպատակը հայաբնակ գյուղերում լինելն է, խնդիրներին ծանոթանալը, ու քանի որ Սաբաթլոն ամենահեռավորն է ու միակ հայաբնակն այս շրջանում, որոշեցինք առաջնահերթության կարգով այցելել: Մեր այցից գոհ եմ, կարծում եմ հասանք մեր նպատակին, վրացական իշխանությունների ուշադրությունը սևեռեցինք այն բաց հարցերի վրա, որոնք այսօր կան Սաբաթլոյում, ինչու ոչ, նաև մոտիկից ծանոթացանք  գյուղի խնդիրներին ու այսուհետ առավել ուշադիր ու հետևողական կլինենք դրանց»,- Ալիքի հետ զրույցում ասաց Ռուբեն Սադոյանը: