Ինչպես գիտեք, ցանկացած երկրում դեսպանի առաքելության կարևոր բաղադրիչներից մեկը տվյալ պետության տարբեր շրջաններ այցելությունն է, այդ շրջանների հետ համագործակցության հնարավորությունների գնահատումը։ Այս համատեքստում նախորդ ամիս իմ առաջին այցը կատարեցի Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզ, իսկ այժմ էլ արդեն Սամցխե-Ջավախեթիի մարզ։ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում՝ ամփոփելով Սամցխե-Ջավախեթիի մարզ կատարած այցը, ասաց Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Սմբատյանը այցը միանշանակ գնահատում է դրական: Ըստ դեսպանի՝ այցի ընթացքում հնարավորություն է ունեցել բավական արդյունավետ հանդիպումներ ունենալու Սամցխե-Ջավախեթիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլիի, ինչպես նաև Ախալցիխեի, Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, հայ և վրացի հոգևոր հայրերի հետ, այցելելու տարբեր կրթական, մշակութային և երիտասարդական կենտրոններ, թանգարաններ։
«Իհարկե, երկու օրը բավարար չէ մարզն ամբողջությամբ ճանաչելու և հանդիպումներ ունենալու համար, սակայն կարծում եմ՝ առաջին այցելության համար ունեցանք բավական հագեցած օրակարգ»,- նշեց դեսպանը:
«Ալիք Մեդիայի» հարցին՝ ի՞նչ ուղերձ ուներ այս այցը, դեսպանը նշեց, որ, իհարկե, այս այցը յուրահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով Սամցխե-Ջավախեթիում հայ բնակչության ներկայացվածության չափը։
«Իսկ ինչ վերաբերում է ուղերձին, ապա դա շատ պարզ է և հնչում էր թե՛ հայազգի, թե՛ վրացի պաշտոնյաների հետ իմ բոլոր հանդիպումների ընթացքում՝ հայերն ու վրացիները դարերով կողք կողքի ապրել և արարել են այս արգասաբեր հողում, և այսօր էլ Վրաստանի այս շրջանում ապրող ազգությամբ հայերը պետք է շարունակեն լինել Վրաստանի օրինակելի և հաջողակ քաղաքացիներ՝ նպաստելով ինչպես Վրաստանի, այնպես էլ հայ-վրացական բարեկամական կապերի շարունակական ամրապնդմանը»:
Սմբատյանը նշում է՝ սա իր առաջին այցն էր և որոշ առումներով կրում էր ճանաչողական բնույթ։ Ըստ դեսպանի՝ հանդիպումների ընթացքում հնչել են բազմաբնույթ հարցեր:
«Կային, իհարկե, հյուպատոսական բնույթի հարցեր, հնչեցին նաև կրթության և մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը վերաբերող հարցադրումներ, անդրադարձ եղավ երկու երկրների սահմանամերձ շրջանների միջև փոխգործակցության հնարավորություններին և այլն։ Բնական է, որ հնչած հարցերին հնարավոր լուծումներն էլ տարբեր են, և այժմ պետք է Վրաստանի ու Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ միասին փորձենք հնարավոր լուծումներ գտնել բարձրացված հարցերին»,- ընդգծեց Սմբատյանը:
Հարցին՝ ի՞նչ ծրագրեր են նախատեսված երկու երկրների միջև, որոնք հնարավոր է իրականացնել՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի շրջանը սահմանակից է Հայաստանին, Սմբատյանը պատասխանեց.
«Իրապես Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը շատ կարևոր է՝ երկու պետությունների միջև փոխգործակցությունն առավել ամրապնդելու համար։ Կարծում եմ՝ նման հնարավորություններ առկա են նաև Սամցխե-Ջավախեթիի դեպքում, և լիահույս եմ, որ մեր վրաց գործընկերների հետ միասին քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ»: