
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Ախալքալաք, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանը:
Այցի շրջանակներում դեսպանը հանդիպել է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի, սակրեբուլոյի (Քաղաքային խորհուրդ) նախագահ Նաիրի Իրիցյանի և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչների հետ։
Դեսպանը Ախալքալաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում զրուցել է նաև քաղաքի բնակիչների հետ։
«Դեսպան Սմբատյանը կարևորեց վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարիդրացիական հարաբերությունները և համակեցության ընթացքում արարած մշակութային ընդհանուր արժեքները։ Նա համոզմունք հայտնեց, որ երկու ժողովուրդների աննախադեպ բարեկամությունն այսօր էլ շարունակվում է:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն իր հերթին շնորհավորեց Աշոտ Սմբատյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց ի շահ երկու երկրների՝ Վրաստանի և Հայաստանի»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում: