ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ դժվարին պահին Հայաստանին օգնելու պատրաստակամության համար:
Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Վրաստանի սիրելի գործընկերներ
Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներից ու վրաց ժողովրդից Հայաստանի համար այս դժվար պահին մեզ սատարելու եւ աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները եւ վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին»:
Հիշեցնենք, որ նախօրեին վրաստանյան սոցհարթակներում ակտիվորեն քննարկվում էին Հայաստանին կորոնավիրուսի պայքարում աջակցելու առաջարկներ: Քաղաքական ու հասարակական մի շարք գործիչներ առաջարկում էին աջակցության տարբերակներ մշակել, նույնիսկ հիվանդներին Վրաստան տեղափոխելու մասին էր խոսվում, իսկ gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով: