Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին, փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական էջը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ:
Ըստ հաղորդագրության՝ Սիմոնյանը մեծապես կարևորել է Վրաստանի հետ հարաբերությունները` հիշեցնելով, որ Հայաստանի կառավարության` 2021-2026 թվականների գործողությունների ծրագրում Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ընդգծված է որպես առաջնահերթություն: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ:
«Հանդիպմանն անդրադարձ է եղել բարեկամ երկրի օրենսդիր մարմնի հետ հաստատված սերտ համագործակցությանը: Անդրադառնալով խորհրդարանների նախագահների պարբերական հանդիպումներին` Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ այդ մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարի` Հայաստանում:
Հանդիպմանը կարևորվել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի և համապատասխան հանձնաժողովների սերտ համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն, Շարվաշիձեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է` հիշատակելով մանկության տարիներին մի բակում ապրող վիրահայ ընկերներին: Նա ընդգծել է, որ Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի:
«Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել երիտասարդության շրջանում հայ-վրացական պատմական բարեկամությունն ու հարևանային ներուժն ամրապնդելու հարցում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: