Հայաստանի Հանրապետության դեսպանատների կայքէջերն ու թեժ գծի հեռախոսահամարն արդեն մի քանի ամիս Հայաստանից արտերկիր մեկնող «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները ստանում են հաղորդագրության տեսքով՝ արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատելու համար։
Լուսինե Ղազարյանը Վրաստան մեկնելու ճանապարհին է առաջին անգամ ստացել նման հաղորդագրություն, ասում է՝ հաճելիորեն զարմացել է։
«Արդեն հայ-վրացական սահմանին մոտենալիս հաղորդագրություն ստացա, կարծեցի ռոմինգին վերաբերող հերթական ծանուցումն է, մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ից էր։ Կարծում եմ բավական կարևոր նախաձեռնություն է։ Մեզ, բարեբախտաբար, պետք չեկավ, բայց, ամեն դեպքում, պաշտպանված զգացինք»,-ասում է Ղազարյանը։
Պարզվում է արտաքին գործերի նախարարության այս նախաձեռնությունը գործում է փետրվարից։ Արտգործնախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Լուսինե Սարգսյանն «Ալիք մեդիային» ասում է, որ նախաձեռնությունը հանրային իրազեկմանն ուղղված քայլերի մի մասն է, կան նաև տեղեկատվական բուկլետներ, որոնք բաժանվում են ոստիկանության բոլոր բաժանմունքներում, սահմանագոտում, օդանավակայանում։
«Արտերկիր մեկնող Հայաստանի քաղաքացիները ստանում են նման հաղորդագրություն՝ ծանոթ լինելու համար, թե տվյալ երկրում մեր ներկայացուցչությունը որտեղ է՝ ցանկացած պահի դիմելու և օժանդակություն ստանալու համար, եթե ինչ-որ հրատապ խնդիր էլ լինի, կարող են զանգահարել թեժ գծին»,-ասում է Սարգսյանը։
Առայժմ տեղեկատվական հաղորդագրությունը հասանելի է դեռևս միայն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներին, սակայն Սարգսյանը տեղեկացնում է, որ մյուս օպերատորներ «Յուքում» և «Բիլայն» ցանցի հետ այժմ բանակցություններ են տարվում, որպեսզի նրանց բաժանորդները նույնպես ստանան նման հաղորդագրություն։
Ըստ Սարգսյանի՝ այս նախաձեռնությունից հետո զգալիորեն շատացել են թեժ գծին ուղղված զանգերը, ինչը նշանակում է, որ նախաձեռնությունը ծառայում է իր նպատակին։