Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի խարդախությամբ յուրացման փաստեր է բացահայտել:
Քննչական ծառայության տվյալներով, ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել վեց անձի, որոնցից չորսը ձեռնարկատեր են, իսկ երկուսը՝ ընկերության հաշվապահ:
«Քննությամբ պարզվել է, որ ծննդաբերության արձակուրդում գտնվող քաղաքացիներին տրամադրված դրամական օգնությունը խարդախությամբ ստանալու նպատակով մեղադրյալները 2020-2022 թվականներին կանխամտածված սխեմայով հանցավոր գործարքներ են կնքել հղիների հետ և նրանց կեղծ գրանցել իրենց ենթակայության ձեռնարկություններում, որից հետո պատրաստել են կեղծ փաստաթղթեր, որոնց միջոցով կեղծ զբաղվածությամբ 111 անձ պետությունից ստացել է հղիության համար հատկացված միանվագ դրամական օգնություն, ընդհանուր 111 հազար լարիի չափով: Գումարը բաշխվել է մեղադրյալների և հղիների միջև»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362, 210 և 180 հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով։