Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ռազմավարական հաղորդակցության գործակալությունը հայտարարություն է տարածել Ռիկոթիի լեռնանցքի վերաբերյալ։ Գործակալությունն արձագանքել է տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությանը, թե, իբր, Ռիկոթիի լեռնանցքի հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժը մի քանի օր խոչընդոտվել է։
Գործակալության պարզաբանմամբ՝ ապրիլի 8-ից պարեկային ոստիկանության ծառայողները նշված հատվածում, ճանապարհային վարչության սահմանած ռեժիմի համաձայն, ապահովել են ինչպես թեթև, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների, այդ թվում՝ նույն ռեժիմով բեռնատարների անխափան տեղաշարժը։
«Ըստ այդմ, այն տեղեկությունը, որ վարորդները մի քանի օր սպասում են նշված հատվածում, չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնում է գործակալությունը։
ՆԳՆ տվյալներով, այս պահին Ռիկոթիի լեռնանցքում բոլոր տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ամբողջությամբ արգելված է։
«Թեթև և մարդատար մեքենաների համար Թբիլիսիից կարող են շարժվել դեպի արևմուտք, իսկ արևմուտքից Թբիլիսի՝ Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհով առանց որևէ խոչընդոտի։ Նշված ճանապարհին այս պահին երթևեկությունը ծանրաբեռնված չէ։
Պարեկային ոստիկանության ներկայացուցիչները, ուղևորների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, շարունակում են մնալ տեղում և ապահովել ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը ճանապարհային երթևեկության վարչության սահմանած ռեժիմով»,- նշված է հաղորդագրության մեջ։