Վրաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ դրության սահմանումից հետո, կրթական ոլորտն առաջիններից էր, որ անցավ հեռավար ռեժիմի:
Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 21-ին, ակադեմիական ներկայությամբ ուսումնական գործընթացը հետաձգվեց մինչև ապրիլի 21-ը: Հատկապես պետական համալսարաններում ուսումնական գործընթացը պետք է վերականգնվեր հենց այս շրջանում. ուսանողներն ընտրել էին առարկաները, շրջաններից եկել Թբիլիսի՝ նոր կիսամյակի մեկնարկին մասնակցելու նպատակով: Մասնավոր համալսարանների դեպքում ուսանողները կիսամյակի մի մասը սովորել են համալսարանից, մյուսը՝ հեռավար ռեժիմով:
Այնուհետև կառավարությունը որոշում կայացրեց արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 22-ը: Այսօր՝ ապրիլի 22-ին Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարեց՝ կրթական գործընթացն այս տարի այլևս չի վերականգնվի: Սա դեռևս վերաբերում է դպրոցներին: Այսինքն աշակերտները սպիպված կլինեն սովորել առցանց:
Հեռավար ուսուցումը Վրաստանում
Վրաստանում գործող հեռավար կրթության մոդելը, որը մշակվել է ընդամենը վերջին մեկ ամսվա ընթացքում, աշխարհում ամենաստացվածներից ու լավագույններից է: Նման գնահատականն իր հաշվետվություններից մեկում տվել է Տնտեսական համագործակցության զարգացման միջազգային կազմակերպությունը (OECD):
Վրաստանի վարչապետը կրթական ոլորտում հաջողությունների մասին խոսելոց հետո հայտարարեց՝ ակադեմիական տարի չի լինելու: Նշենք՝ մինչ այդ ուսանողները առցանց ստորագրահավաք էին անում ուսումնական տարին չեղարկելու հետ կապված: Հարցը քննակվում էր նաև կառավարության մակարդակով, սակայն վերջնական որոշումն ուսումը շարունակելն էր՝ այս մոդելով:
Դպրոցների դեպքում դասերն անցկացվում են առցանց, տնային աշխատանքներն աշակերտները լուսանկարում, ուղարկում են ուսուցիչներին, կապը հաստատում են հատուկ ծրագրով: Բացի այս, գործում է նաև հեռուստադպրոց, որի ընթացքում անցկացվում են նաև էթնիկ փոքրամասնությունների դպրոցների համար նախատեսված դասեր՝ իրենց մայրենի լեզուներով:
Հեռավար ուսուցումը բուհերում
Այլ հարց է բուհերի խնդիրը: Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում, օրինակ, կիսամյակի մեկնարկից 6-րդ շաբաթվա ընթացքում անցկացվում են միջանկյալ քննություններ: Սովորաբար, ձևաչափը որոշում է դասախոսը, սակայն հիմնականում քննություններն անցկացվում են հատուկ նախատեսված շենքում: Ըստ ուսանողների, քննությունների մի մասն այս պայմաններում որոշվել է անցկացնել առցանց, մյուսը՝ գրավոր աշխատանքներ հանձնելու ճանապարհով, ինչը նախկինում էլ ընդունված պրակտիկա էր:
«Ալիք Մեդիան» զրուցել է Թբիլիսիի տարբեր պետական համալսարանների ուսանողերի հետ, որոնք ներկայացրել են հեռավար ուսուցման գործընթացի իրենց տեսլականը:
ԹՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող, ուսանողական խորհրդի անդամ Ջիվան Մկրտչյանն ասում է՝ հեռավար ուսուցումից դժգոհում են ոչ միայն ուսանողներն, այլև ողջ անձնակազմը, սրա հետ մեկտեղ նշում՝ «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքը մերժում է հեռավար ուսուցումը: Միևնույն ժամանակ խոսում է տեխնիկական խնդիրներից, որոնց պատճառով ուսանողի ակտիվությունը նվազում է, չկա դասախոսի հետ անմիջական շփում, ինչի հետևանքով էլ ուսանողներն իրենց բոլոր հարցերի պատասխանները չեն կարողանում ստանալ․
«Դասերն ընթանում են zoom ծրագրով, որն առկա ծրագրերից ամենաարդյունավետն է իր բոլոր թերություններով հանդերձ: Ես ինքս շատ արագ հարմարվեցի գործող կրթական համակարգին, սակայն շատ դժվար համակերպվեցի ընկերներիս հետ երկար ժամանակ չշփվելու փաստի հետ: Ծրագիրն այնքանով է արդյունավետ, որ անմիջական շփում ստեղծելու և հաղորդակցվելու հնարավորութուն է տալիս: Այս հարցի հետ կապված կա մեկ գլխավոր խնդիր, որ ծրագիրը այսպես ասած դասասենյակ է թողնում միայն 100 անձի, ինչը խնդիրներ է առաջացնում այն դասախոսի համար, ով 100-ից ավելի ուսանողի համար է կարդում դասախոսություն: Հետևաբար, նման դեպքերում, ինչը բնորոշ է իրավաբանական ֆակուլտետի համար, դասախոսը ուղարկում է միայն ձայնագրություն, ինչը թույլ չի տալիս ուսանողին ստանալ դասախոսության ժամանակ առաջացած անհասկանալի հարցի պատասխանը»:
Ջիվանի առաջարկով՝ իրավաբանական ֆակուլտետի ղեկավարությունը որոշում է կայացրել՝ գնահատման ձևը փոփոխվել է՝ հարմարվել առցանց ռեժիմին:
Նույն համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանող Ռիմա Մարանգոզյանը խոսում է հեռավար կրթության ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերի մասին․
«Համալսարանն ունի հատուկ հարթակ, որտեղ դասախոսը ներբեռնում է անհրաժեշտ նյութերը: Մենք էլ մեր հերթին ունենք վերջնաժամկետ՝ կատարած առաջադրանքը հարթակ ներբեռնելու համար: Ավելի պատասխանատու ենք դարձել, որովհետև եթե 1 րոպե անգամ ուշացնենք, ծրագիրն առաջադրանքը չի ընդունի: Դրական կողմերից է դասին մասնակցությունը, քանի որ կարանտին է, հիմնականում այլ զբաղմունք չունենք, ամբողջությամբ նվիրվում ենք կրթությանը: Սրա հետ մեկտեղ, դասախոսների հետ կոմունիկացիան նվազել է, դա խոչընդոտներ է ստեղծում նյութը լավ ընկալելու հարցում»։
Ըստ Ռիմայի, քանի որ ԹՊՀ-ի համար հեռավար ռեժիմը նորություն է, մինչև մեթոդի հետ կապված հարցը լուծելը, համալսարանը մոտ երկու շաբաթ փաստացի «կորցրել է»:
Այլ իրավիճակ է Իլիայի անվան պետական համալսարանում: Համակարգչային ինժեներիայի ֆակուլտետի ուսանող Կարեն Գասպարյանն ասում է՝ դասախոսները պատրաստ էին հեռավար ուսուցմանը, քանի որ համալսարանի ծրագրում առցանց հաղորդակցություն միշտ էլ եղել է.
«Մի քանի փոփոխություն կա ի օգուտ ուսանողների: Եթե նախկինում դասի ժամը որոշում էր համալսարանը, ապա հիմա դա անում են ուսանողները: Նախկինում եթե ժամանակին չէինք ուղարկում հանձնարարությունները, զրկվում էինք թվանշանից, իսկ հիմա վերականգնելու հնարավորություն ունենք»,- ասում է Կարենը:
Թբիլիսիի Տեխնիկական համալսարանում նույնպես ուսումնական գործընթացը տարվում է հեռավար, քննությունների մի մասը, ինչպես նաև պրեզենտացիաները կանցկացվեն բանավոր, խնդիրներ առաջացել են այն առարկաների հետ, որոնցից պետք է պրակտիկա անցնել, սակայն այս պահի դրությամբ համալսարանը մշակում է նոր ծրագիր, որով կկարողանա փոխարինել ուսանողների կորցրած «կրեդիտները»:
Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում նույնպես ուսումն առցանց է շարունակվում: Այս պահի դրությամբ դասախոսները միայն տեսական բաժինն են բացատրում ուսանողներին, սակայն թե ինչպես պետք է հանձնեն օրինակ վոկալի քննությունները, դեռևս անհայտ է: Պարզ է միայն, որ առցանց կապով անհնար է դա իրականացնել, քանի որ ձայնը տեսակապով փոփոխվում է: