Ի նշան լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ բռնությունների՝ 24 ժամով եթերը դադարեցրած վրաստանյան չորս՝ Pirveli, Mtavari Arkhi, Formula և Kavkasia հեռուստաընկերությունները վերսկսել են հեռարձակումը։
24 ժամ շարունակ այս ալիքների էկրաններին ցուցադրվել է «Իրակլի Ղարիբաշվիլին պետք է հրաժարական տա. բոլոր հանցագործները պետք է պատժվեն» գրությունը, որին հաջորդում էր լրագրողների ցուցակը, որոնք բռնության էին ենթարկվել հուլիսի 5-ին և 6-ին: Բացի այդ, էկրանին հայտարարություն կար շաբաթ օրվա հանրահավաքի մասին:
Հինգերորդ օրն անընդմեջ վրաստանյան մեդիաները կառավարությունից պահանջում են պատասխանատվություն ստանձնել բռնի կոնտրակցիայի ժամանակ դաժանաբար ծեծի ենթարկված օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան հետ կապված: Ի պատասխան ՝ ներքին գործերի նախարարությունը հուլիսի 12-ին տեղեկություն է տարածել այն մասին, որ միջանկյալ փորձաքննության արդյունքում պարզվել է, թե օպերատորի մահվան պատճառը կարող է լինել թմրանյութերի գերդոզավորումը:
TV Պիրվելիի օպերատոր Լեքսո Լաշքարավային հուղարկավորեցին հուլիսի 13-ին Ջիքիայի գերեզմանատանը: Գործընկերները տեսախցիկներով խորհրդանշական միջանցք էին կազմել և ծափահարությունների ներքո նրա աճյունը դուրս բերեցին տնից։
Լաշքարավայի մայրը օպերատորին տանը մահացած էր գտել հուլիսի 11-ին, ծեծի ենթարկվելուց մի քանի օր անց: Հուլիսի 5-ին, ըստ պաշտոնական վարկածի, մասնագիտական պարտավորությունները կատարելիս 53 լրագրող է վիրավորվել ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը նվիրված Արժանապատվության քայլերթին դեմ հանդես եկող ցուցարարների կողմից, և Լաշքարավան էլ նրանցից մեկն էր։ Նա մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում, իսկ հուլիսի 10-ին դուրս գրվել:
Հատկանշական է, որ հուլիսի 5-ին տեղի ունեցած բռնությունների վայրում մոբիլիզացվել էին բավականին քիչ քանակով իրավապահներ, և ոստիկանությունը տարածքից հեռացնում էր ոչ թե հանցագործներին, այլ տեղի ունեցողը լուսաբանող լրագրողներին: Օրվա վերջում ՆԳՆ-ն հայտնել էր, որ 8 մարդ է բերման ենթարկվել, բոլորը՝ վարչական կարգով:
Հոմոֆոբ ու ռադիկալ խմբերը հուլիսի 5-ին հավաքվել էին խորհրդարանի դիմաց, Քաշուեթի եկեղեցու և Ռուսթավելի թատրոնի դիմաց՝ սպառնալով թույլ չտալ անցկացնել Արժանապատվության երթը: Նրանք հարձակվել են «Սիրցխվիլիա» (ամոթ է) և Tbilisi Pride- ի գրասենյակների վրա, ինչպես նաև պայթուցիկ սարք էին տեղավորել «Մարդու իրավունքների տուն _ Թբիլիսի» ՀԿ-ի գրասենյակում, ինչի հետևանքով վնասվել էր մեկ աշխատակից:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները վնասվել են նաև հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին, չնայած այս դեպքում ոստիկանությունը ակտիվորեն բերման էր ենթարկում բռնարարներին, սակայն ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ այդպես էլ չկիրառեց ջրցան կամ ռետինե փամփուշտ ու արցունքաբեր գազ: Մինչդեռ ռադիկալ խմբավորումները խաղաղ ցուցարարների ուղղությամբ նետում էին ձու, քարեր, քարերով լի շշեր, երկաթի կտորներ, ապակի և այլ իրեր: Վիրավորվել են նաև ոստիկանության մի քանի աշխատակիցներ:
Ըստ ՆԳՆ-ի, հուլիսի 5-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության հետաքննության շրջանակներում իրավապահները ընդհանուր առմամբ 20 մարդու են ձերբակալել:
Նշենք, որ մինչ այժմ բռնի ցույցի կազմակերպիչները չեն ձերբակալվել: Նրանց մասին բազմիցս գրել են Վրաստանի հետաքննող լրագրողները, ապացուցել են նաև նրանց կապերը ռուսական կողմի հետ:
Ըստ այդ բացահայտումների, կոնտրակցիայի մասնակիցներն ու կազմակերպիչներն են ` Պատրիարքարանը, Ուղղափառ ծնողների միությունը, ռուսամետ «Ալտ-ինֆո» հեռուստաընկերությունը և այլ խմբավորումներ: Բացի այդ, եկեղեցու կազմակերպմամբ, հուլիսի 5-ին կազմակերպված կոնտրակցիային բերվել էին նաև երեխաներ:
Արդյունքում, հուլիսի 5-ին պլանավորված Արժանապատվության երթը ձախողվեց: Ինչպես նշում են փորձագետները, միջազգային կազմակերպությունների գործընկերներն ու անգամ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ պետությունը չպաշտպանեց քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքը:
«Արժանապատվության երթին» աջակցում էին Վրաստանում հավատարմագրված մի շարք դեսպանություններ, ինչպես նաև գործընկեր երկրների քաղաքական գործիչներ ՝ կոնգրեսականներ և եվրախորհրդարանականներ: Փրայդին աջակցում էին նաև տարբեր ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական գործիչներ: Մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներն ասում էին, որ նման երթ անցկացնելը տեղին չէ: Հուլիսի 5-ին Ռուսթավելի պողոտայում ռադիկալ խմբերն արդեն ագրեսիվ էին տրամադրված, երբ վարչապետ Ղարիբաշվիլին ուղիղ եթերում ասաց․ «Բոլորը պետք է հարգեն մեր օրենքներն ու ավանդույթները», և որ «հանրահավաքն անընդունելի է բնակչության մեծամասնության համար ու չպետք է անցկացվի»: Դիմելով ռադիկալներին, միայն ասել է ՝ «ամեն ինչ անել Սահմանադրության և օրենքի շրջանակներում»: Քաղաքացիները նրա հայտարարությունը համարում են բռնության դրդում: