«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեի խոսքով, թեև իրենց նախկին թիմակից, այժմ «Վրացական երազանքի» պատգամավոր Հենզել Մկոյանի կողմից քրեական հանցագործության ապացույցներ կան, ոստիկանությունն ու դատախազութունն անգործության են մատնված:
«Երկրում ծանր իրավիճակ է: Համաճարակի տարածման և սոցիալ-տնտեսական տեսանկյունից ամեն օր ավելի ու ավելի է վատանում ու այս ֆոնին ցանկանում եմ ուշադրություն դարձնել շատ տագնապալի փաստին: Մասնավորապես, «Վրացական երազանքի» պատգամավոր Հենզել Մկոյանի կողմից քրեական հանցագործություն անելու ապացույցները տեսանք «Մթավարի» հեռուստաընկերության եթերից: Հենզել Մկոյանը, ով աչքի էր ընկնում իր բռնի գործունեությամբ, այդ թվում ընդդիմության ներկայացուցիչների վրա հարձակվելու համար, երբեք չի պատժվել: Ավելին, «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն այն ժամանակ ասում էին, որ Մկոյանն իրենց թիմակիցն է և իհարկե, առանձնահատուկ ոչինչ չի արել: Մենք տեսանք, որ Մկոյանը կրակում է: Սա տեսնում են ոստիկանները, բազում վկաներ կան, սակայն ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել»,- հայտարարել է Դեկանոիձեն: