«Ախալքալաքիի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:
Սա գերատեսչության պատասխանն է Մկոյանի այն հայտարարությանը, թե իրեն ու իր մտերիմներին հետապնդում են: Պատգամավորը ասում է, որ սեպտեմբերի 16-ի գիշերը Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը խուզարկություն է արել իր եղբորը պատկանող ընկերությունում ու առգրավել է գրեթե բոլոր փաստաթղթերը:
Մկոյանը կատարվածը կապում է իր քաղաքական գործունեության հետ ու ասում, որ այսպիսով իրեն ստիպում են հանել թեկնածությունը:
Մկոյանը «Վրացական երազանքի» գործող պատգամավոր է, մինչ այդ «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր է եղել` նախորդ իշխանության օրոք, պատրաստվում է առաջադրվել նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Սակայն «Վրացական երազանքն» այս անգամ հրաժարվել է նրա թեկնածությունից` որպես մեծամասնական պատգամավոր, չի ներառել նաև համամասնական ցուցակում:
Ինչ վերաբերում է հետապնդմանը, քննչական ծառայությունը հաստատում է, որ քաղաքացիների կոլեկտիվ դիմումների հիման վրա Սամցխե-Ջավախքում գործող գազի ընկերություններից մեկի նկատմամբ քննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 2՝ խարդախության և խոշոր չափերի հարկերից խուսափելու հոդվածներով, իսկ քաղաքական ենթատեքստի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Փաստացի հիմքեր ձեռք բերելու նպատակով, դատարանի որոշմամբ առգրավվել են միայն համապատասխան փաստաթղթեր, ոչ թե համակարգչային տեխնիկա: Ծառայությունից հայտնում են նաև, որ ստիպողական որևէ մեթոդ չի կիրառվել, որը կխանգարի ընկերությանը` շարունակել գործունեությունն ու բնակչությանը գազ մատակարարել: Ընդ որում, քննչական գործողությունների ավարտին ընկերության ղեկավարներից մեկը փաստաթուղթ է ստորագրել, որով հաստատել է, որ փաստաթղթերի առգրավումը խոչընդոտ չի կարող հանդիսանալ ընկերության հետագա գործունեության համար:
Հիշեցնենք` Մկոյանը նախօրեին զգուշացրել էր, թե Ջավախքը շուտով առանց գազի կմնա:
Հենզել Մկոյանը Ախալքալաքում համարվում է ոչ ֆորմալ ղեկավար: «Հավերժ պատգամավորի» հարազատների ձեռքում են շրջանի խոշոր բիզնեսները: Մկոյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք` ամռանը անհայտ անձինք փորձել էին պայթեցնել Մկոյանին պատկանող մեքենան, որում եղել էր ոչ թե պատգամավորը, այլ նրա եղբայրը: Դրանից հետո Մկոյանն ու նրա փաստաբանը սկսեցին լուրեր տարածել, որ Մկոյան ընտանիքին սպառնում են ու գումարներ շորթում: Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որում Մկոյանը ատրճանակը ձեռքին հայտնվել էր Ախալքալաքի կենտրոնական փողոցներից մեկում: Ոչ վաղ անցյալում էլ Մկոյանը սեքսուալ սկանդալի հերոս էր․ տեղի ՀԿ-ներից մեկի կին ղեկավարը նրան մեղադրել էր իրեն սիրահետելու, սեռական բնույթի առաջարկներ անելու մեջ։