ԱՄՆ Կոնգրեսում գործող Հելսինկյան հանձնաժողովն ամերիկյան հետազոտական կազմակերպության՝ «Ատլանտյան խորհուրդ»-ի հետազոտողներ Էթո Բուզիաշվիլիի և Սոփո Գելավայի անձնական բանկային հաշիվների սահմանափակումը գնահատում է որպես հարձակում Վրաստանի քաղաքացիական հասարակության և ամերիկյան կազմակերպության վրա։
Հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը հայտարարության մեջ նշել է՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության իշխանությունը արագ տեմպերով անցնում է ռուսական ոճի ավտորիտարիզմի։
«Ես տեղեկացա, որ Վրաստանի իշխանությունները սառեցրել են տիկին Բուզիաշվիլիի և Գելավայի բանկային հաշիվները՝ առանց որևէ իրավական հիմնավորման կամ դատարանի որոշման։ Ես կարծում եմ, որ սա ուղղակի հարձակում է քաղաքացիական հասարակության վրա Վրաստանի կառավարության կողմից։ Ես նաև կարծում եմ, որ դա հարձակում է նրանց աշխատանքի ընդունած ամերիկյան կազմակերպության վրա»,- ասված է Հելսինկյան հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ։
Նա նաև նշել է՝ Վրաստանի կառավարությունը պետք է թույլ տա հետազոտողներին իրենց աշխատանքը կատարել առանց վախի։
«Մեր MEGOBARI Act-ը կպատժի Վրաստանում օրենքի գերակայությունը խախտողներին»,- նշել է Ուիլսոնը: