Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդական կենտրոնում սեպտեմբերի 28-ից գործում է «Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակ: Հազարավոր թբիլիսահայեր արդեն միացել ու իրենց աջակցությունն են ցուցաբերել տարբեր միջոցներով` ֆինանսական, տեխնիկական և այլն:
«Աջակցություն Արցախին» նախաձեռնության Թբիլիսյան գրասենյակի պատասխանատուներից Լևոն Չիդիլյանը, «Ալիքի» հետ զրույցում ներկայացնելով այս օրերին վիրահայերի աջակցությունը, ասում է` թբիլիսյան համայնքի համար աննախադեպ է թե’ մարդկանց մասնակցության, թե’ ընդհանուր աջակցության առումով: Տասնյակ մարդիկ առաջին օրվանից ամեն օր եկել-մասնակցել են հանգանակությանը: Օրավարձը օրվա վերջում բերում-նվիրաբերում են:
«Թբիլիսիի հայ համայնքում իմ 20-ամյա հասարակական կյանքի ընթացքում համայնքում այսպիսի ակտիվություն և նվիրվածություն չեմ տեսել: Արդեն բոլորը զգում են, որ եկել է այն պահը, որ մենք հստակ պետք է պատասխանատվություն վերցնենք և օգնենք հումանիտար աղետի առաջ կանգնած մեր արցախահայերին, խաղաղ բնակչությանը: Այսօր մեր հայրենակիցներն Արցախում խաղաղության համար շատ թանկ գին են վճարում` ձեռք, ոտք, աչք ու կյանք: Հայաստանից դուրս` մենք վճարում ենք գումար, որը կարող ենք հետո աշխատել: Սա անհամեմատելի է այն զոհաբերության հետ, որ տալիս են մեր տղաները: Այսօր հայրենիքի, հայկական պետականության, հայ ազգի, նաև քրիստոնյա մեր տարածաշրջանի մշակույթի ապագան կերտում է հայ զինվորը` իր ձեռքի, ոտքի ու կյանքի գնով: Այս առումով` անհամամատելի է հայաստանաբնակ ու սփյուռքաբնակ հայի ներդրումը»:
Շեշտը դրվել է հումանիտար օգնության վրա, որովհետև Երևանից ամենամոտը գտնվելով` ամենաարագն է կազմակերպվում հումանիտար օգնություն, որով իրականում կյանքեր են փրկվում: Չիդիլյանն ասում է` այս մարտավարությունն ենք ընտրել, որ ժամանակին հասնեն դեղորայքը, բժշկական սարքավորումները և այլն: Դրամահավաքին ու հումանիտար օգնության հավաքագրմանը զուգահեռ համակարգման աշխատանք է տարվում` իրավաբանական ու տեխնիկական հարցերի շուրջ. այսինքն արվում է ամեն ինչ, որ օգնությունը րոպե առաջ, առանց խնդրի հատի վրաց–հայկական սահմանը: Գրասենյակը նաև ինֆորմացիոն տարբեր ուղղություններով է աշխատում, այդ թվում` վրացական տիրույթում. գործի է դրված ողջ ներուժը:
Օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն (հասցե Արմազի № 18)` ամեն օր, ժամը 10:00-20:00-ը: Հավելյալ մանրամասների համար, կարող եք զանգահարել գրասենյակի պատասխանատուներին.
Լևոն Չիդիլյանին ՝ +995 599 19 78 25
Եվգենյա Մարկոսյանին՝ +995 593 13 43 09
Առցանց փոխանցում կատարելու համար այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք էջ. https://www.himnadram.org/hy: