Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հաստատել է «Գործակալների օրենքի» կիրառման համար «օտարերկրյա տերության շահերը կրող» կազմակերպությունների ռեգիստրի կազմման, ֆինանսական հայտարարագրի ներկայացման և մոնիտորինգի կանոնները։
Օրենսդիր տեղեկագրում այդ օրենքը հրապարակվել է ուժի մեջ մտնելու օրը՝ օգոստոսի 1-ին։
N1019 հոդվածը բաղկացած է վեց կետից և չորս հավելվածից։ Այս փաստաթուղթը սահմանում է «Գործակալների ռեգիստրի» ստեղծման անհրաժեշտ քայլերը:
Առաջին քայլը դիմում ներկայացնելն է։
Գրանցամատյանում գրանցման համար պատասխանատու աշխատողը պետք է դիմի Արդարադատության տուն: Նա պարտավոր է դիմումը գործակալություն ներկայացնել գրավոր։
Նշենք նաև, որ կազմակերպությունները մեկ ամիս ժամանակ ունեն գրանցամատյանում որպես օտարերկրյա շահերի կրող գրանցվելու համար։
Երկրորդ քայլով գրանցվողը դիմումում պետք է նշի կազմակերպությունը ղեկավարելու/ներկայացնելու լիազորված անձի կոնտակտային տվյալները՝ բջջային հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն։ Օգտատիրոջ անունը և գաղտնաբառը չեն կարող փոխանցվել մեկ այլ անձի, իսկ եթե կազմակերպությունը փոխել է ֆինանսական հայտարարագիրը լրացնելու համար պատասխանատու անձին, նրա մուտքը ռեգիստր ինքնաբերաբար կդադարեցվի։
Երրորդ քայլը ֆինանսական հաշվետվության պատրաստումն է։ Գրանցվողը ֆինանսական հայտարարագրում պետք է նշի այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են` կազմակերպության նույնականացման տվյալները, կազմակերպության հասցեն, կայքի հասցեն և այլն։
Չորրորդ քայլը գրանցամատյանում գրանցումն է։
Հրամանում նշվում է, որ ռեգիստրը 30 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի ներկայացված տվյալները։
Նախավերջին` հինգերորդ քայլը, մոնիտորինգն է, որն սկսվում է մեկամսյա ժամկետը լրանալուց հետո։
Վերջին` վեցերորդ քայլը, վարչական իրավախախտման վերաբերյալ հետաքննության հարուցումն է։
Հարկադիր գրանցմանը զուգահեռ՝ «օրինախախտին» հայտնաբերելուց անմիջապես հետո հարուցվում է վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան։
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը լիովին հակասում է Եվրոպական օրենսդրության սկզբունքներին և լուրջ վտանգ է ներկայացնում երկրի սահմանադրությամբ ամրագրված Եվրատլանտյան ուղու ընտրության առումով։