
Վրաստանում Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում հայտնաբերվել են կորոնավիրուսի դեմ թեստավորման ապօրինի բացված օբյեկտներ։
Հաղորդվում է, որ քովիդ թեստավորման կետը գտնվել է Աղմաշենեբելի պողոտայի ոսկերչական խանութներից մեկում։ Հաստատությունը գործել է առանց բարձր ռիսկային բժշկական գործունեության տեխնիկական կանոնակարգով պահանջվող պարտադիր ծանուցման։
Կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատության նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որն ուղարկվել է դատարան՝ հետագա արձագանքման համար։ Նման դեպքեր են գրանցվել Ռուսթավիում և Բաթումում։
«Այս տեսակի հաստատությունները հիմնականում նմուշներ են վերցնում և ուղարկում լաբորատորիաներ, սակայն անհրաժեշտ է համապատասխան հաղորդագրություն ուղարկել գործակալություն և պահպանել բարձր ռիսկային բժշկական գործունեության տեխնիկական կանոնակարգերը», — ասել է կարգավորող հանձնաժողովի ղեկավար Զաալ Կապանաձեն:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր