Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղը ևս միացել է Արցախի աջակցության դրամահավաքին: Գյուղից դուրս բնակվող երիտասարդների ու ավագների կողմից մոտ 45 հազար դոլար է հավաքվել:
Այսօր առաջին փուլն ավարտել են, գումարը փոխանցված է Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվին: 11 հազար լարի էլ հիմնադրամին փոխանցվել է Դամալայի բնակիչների կողմից: Ծնունդով Դամալայից, այժմ մոսկվայաբնակ Մինաս Հակոբյանը, որ նույնպես իր ներդրումն է ունեցել, «Ալիքի» հետ զրույցում ասում է, որ այս պահին միասնական լինելը բոլորի պարտքն է. «Սա մեր հայրենիքն է, չեղավ Արցախ, չի լինի լիարժեք Հայաստան, Ջավախք, ու հենց մեր փոքրիկ Դամալան: Մեր փոքրիկ Հայաստանն ու Արցախը մեր մեծ հայրենիքն են: Այսօր իմ որդին ևս զորակոչվել է։ Իմ կոչն է աշխարհի հայերին՝ անկախ նրանից, որտեղ են ապրում ու ինչով են զբաղվում, այսօր անեն հնարավորն ու անհնարինը` հայրենիքի փրկության հարցում: Մենք մեզ ենք փրկում, մեր ընտանիքները, մեր հարազատներին»:
Մինաս Հակոբյանն ասում է, որ դրամահավաքին միացածների շարքերում կան նաև մարդիկ, որոնք բանկերից վարկեր են վերցրել` հիմնադրամին փոխանցելու համար: Դրամահավաքը շարունակվում է նաև հիմա: Կազմակերպիչներից տեղեկացանք, որ մեկ ժամվա ընթացքում մոտ 15 հազար դոլար արդեն հավաքվել է: