«Հայրենիքի դավաճանության» օրենքի վերադարձի վտանգները. իշխանության օրակարգը

«Վրացական երազանք»-ի կողմից Վրաստանի Քրեական օրենսգրքում (ՔՕ) «Հայրենիքի դավաճանության» մասին հոդվածի վերադարձն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում որոշ փորձագետներ դասում են շարունակաբար ընդունվող ռեպրեսիվ օրենքների շարքին, որոնք իշխող ուժն ընդունում է բազմահազարանոց եվրոպամետ բողոքի ցույցերի ֆոնին:

Փորձագետները պնդում են՝ «Վրացական երազանք»-ն ինքը լինելով հայրենիքի դավաճան, քանի որ խախտել է Սահմանադրության 78-րդ կետը, այս օրենքի կիրարկմամբ հայրենիքի դավաճան կկարգի ոչ միայն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմանը» (ՄԱՇ), ինչպես պնդում են իշխող թիմում, այլ նաև՝ քաղհասարակությանը, քանի որ վերջիններս դեմ են գնում «Վրացական երազանք»-ի ռեժիմին:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ «Վրացական երազանք»-ն այս օրենքի վերադարձով կփորձի ճնշել քաղհասարակությանը. քաղհասարակությունը «Վրացական երազանք»-ին մեղադրում է ռուսական շահերը սպասարկելու, հետևաբար՝ հայրենիքի դավաճանության համար, և «Վրացական երազանք»-ը շրջելու է մեղադրանքի սլաքները դեպի քաղհասարակություն:

Ըստ փորձագետի, հավանաբար, այս օրենքի վերադարձի նպատակներից է նաև ՄԱՇ-ին պատժելը։ Թումասյանը, սակայն, այս ոճը նմանեցնում է 1937-ական թվականների գործելաոճին, երբ համանման կերպ էին վարվում ընդդիմության հետ, նրանց որակելով «հայրենիքի դավաճաններ»: Նա ասաց՝ օրենքը որպես «ռեպրեսիաների» գործիք է օգտագործվելու: Փորձագետն օրենքի վերադարձով վտանգ է տեսնում նաև էթնիկ փոքրամասնությունների համար, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ նկատի ունի «Վրացական երազանք»-ը «հայրենիքի դավաճան» ասելով:

««Վրացական երազանք»-ը Արևմուտքից ֆինանսավորում ստացող քաղահասարակությանը համարում է հայրենիքի դավաճան, քանի որ նրանք Իվանիշվիլիի ռեժիմի աջակիցը չեն և ժողովրդավարության կողմնակից են: 2024-ին Վրաստանում վերջնականապես դիկտատոր դարձած Իվանիշվիլին հայրենիքի դավաճան է համարում նրանց, ովքեր իրեն չեն ենթարկվում: Իվանիշիլիի ուզածը Վրաստանը Հյուսիսային Կորեա դարձնելն է, Հյուսիսային Կորեայի մոդելի Վրաստան է ստեղծում», — ասաց Թումասյանը:

Սպասվող օրենսդրական փոփոխության մասին «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն փետրվարի 17-ին խոսել է կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում։

«Մեր որոշմամբ` Վրաստանի Քրեական օրենսգրքում կավելացվի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կվերականգնվի դավաճանության մասին հոդվածը, որը ժամանակին «Միացյալ ազգային շարժում»-ը հանել էր Քրեական օրենսգրքից։ Որքան էլ դա զարմանալի կամ խորհրդանշական լինի, դա արվել է օգոստոսյան պատերազմից առաջ՝ 2007 թվականի ապրիլին», — ասել է Մդինարաձեն։

Քաղաքագետ Գիա Խուխաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի օրենքներն արդեն աբսուրդի են հասել։ Ըստ քաղաքագետի՝ դավաճանությունը միանշանակ պետք է պատժվի, բայց այս դեպքում հարցն այն է, թե ինչ նկատի ունեն իշխող կուսակցության ղեկավարները, երբ խոսում են այս օրինագծի մասին։

Խուխաշվիլիի կարծիքով` երբ «Վրացական երազանք»-ը խոսում է դավաճանության մասին, նկատի ունի ոչ թե երկիրը՝ Վրաստանը, այլ Բիձինա Իվանիշվիլիին, որովհետև «Վրացական երազանք»-ի անդամների համար իրենց հայրենիքը կապված է իրենց բարեկեցության աղբյուրի հետ: Նա ընդգծեց՝ «Վրացական երազանք»-ի առաջնորդների բարեկեցության աղբյուրը Իվանիշվիլին է. ասում են՝ «հայրենիք», նշանակում է՝ «Բիձինա», իսկ երբ ասում են՝ «Բիձինա», նշանակում է՝ «հայրենիք».

««Վրացական երազանք»-ի առաջնորդներն են հենց դավաճանել գերագույն օրենքին՝ Սահմանադրության 78-րդ հոդվածին: Կգա ժամանակը, երբ Սահմանադրության այս հոդվածի խախտումը միանշանակ կհամարվի դավաճանություն: Ըստ այդմ՝ ես դեմ չեմ պետական ​​դավաճանության հոդվածը քրեական օրենսգրքում ներառելուն։ Ինչո՞ւ։ Որովհետև այս իշխանությունը չի հասցնի որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկել, իրենց («Վրացական երազանք»-ին — հեղ.) դատելու համար իսկապես այս օրենքը կօգնի մեզ: Այնպես որ, պարոն Մդինարաձեն պետք է պատրաստվի, շուտով նրան դատելու են սեփական ընդունած օրենքով։ Նաև խնդրում եմ, որ շուտափույթ ընդունեն պետական ​​դավաճանության մասին օրենքը, որպեսզի այս հարցում ժամանակ չկորցնենք»:

Համապատասխան օրենքը ՔՕ-ից հանվել էր 2007 թվականի ապրիլին՝ ՄԱՇ-ի կառավարման տարում:

Ավելի վաղ «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) կառավարության գործունեությունը հետաքննող ժամանակավոր քննչական հանձնաժողով էր ստեղծվել։

ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց:

2025 թվականի օգոստոսի 7-ին լրանում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մեկնարկի 17 տարին։ Վերջին մեկ տարվա ընթացքում «Վրացական երազանք»-ն ավելի հաճախ է խոսում ՄԱՇ-ի կառավարության պատասխանատվության մասին։