Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներ Դավիթ-Թարխան Մոուրավին և Իրմա Ինաշվիլին հանդիպումներ են անկացնում Ռուսաստանում:
Այցի ընթացքում «Հայրենասերների դաշինքի» անդամները հանդիպել են Ռուսաստանի Խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի հետ։
Դաշնային խորհրդի տարածած տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են ռուս-վրացական հարաբերությունների զարգացումը։
«Մեր երկրները դարավոր բարեկամություն ունեն, և ես համոզված եմ, որ Վրաստանում շատ մարդիկ կան, ովքեր կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը», — ասել է Վլադիմիր Ջաբարովը։
Չնայած Վրաստանում տիրող հակառուսական տրամադրություններին և ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ռուսամետ քաղաքական ուժը շարունակում է հանդիպումներ ունենալ ռուսական կողմի ներկայացուցիչների հետ:
Առկա տեղեկությունների համաձայն, «Հայրենասերների դաշինքի» հետ հանդիպմանը մասնակցել է նաև «Ռուսաստանի Ջավախքի համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանը: Հանդիպման վերաբերյալ Արաբյանը գրել է.
«Հյուրեր ունենք Վրաստանից։ Նրանց խնդրանքով 2022 թվականի ապրիլի 4-ին մենք հրավիրեցինք Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտոնական նիստ։ Հանդիպման նպատակն էր ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումը, Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացում», — թվիթերյան իր էջում գրում է Արաբյանը։
Ըստ «Myth Detector»-ի՝ Արաբյանը, ով մասնակցում է «Հայրենասերների դաշինքի» մոսկովյան հանդիպումներին, ակտիվորեն աջակցում է Ցխինվալիի շրջանի և Աբխազիայի անկախությանը, իսկ 2019 թվականին որպես միջազգային դիտորդ՝ ներկա է եղել Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանական ընտրություններին: Բացի այդ, 2012 թվականի ապրիլին Արաբյանն ասել էր, որ եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ առանց Սամցխե-Ջավախեթիի բնակչության կարծիքը հաշվի առնելու, իր կազմակերպությունը ստիպված կլինի անջատման կոչ անել։