Ապրիլի 18-ին Վրաստանի խորհրդարանի առջև կայացավ «Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ապրիլ 24-ի հետ կապված երկրորդ ցուցահանդեսը։ Առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 5-ին՝ Ռիկղեի այգում։
«Ցուցահանդեսի նպատակն է մեր հասարակությանը տեղեկացնել 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ Ներկայացված են Մեծ եղեռնը պատկերող բազմաթիվ տեսարաններ, բացառիկ նյութեր, նաև ամսագրեր։ Քանի որ Վրաստանը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, մենք պետք է ոտքի կանգնենք ու պայքարենք․․․», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց ՀԿ-ի վարչության անդամի Վրեժ Հարությունյանը։
Ցուցահանդեսին ներկայացվել էին նաև Արցախի մշակութային ցեղասպանության թեմայով լուսանկարներ, անցորդներին բաժանվել են վրացերենով տեղեկատվական գրքույկներ։
«Վրաստանի Հայ Համայնքը» երրորդ ցուցահանդեսը կանցկացնի ապրիլի 23-ին՝ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում։ Նույն օրը երեկոյան, ավանդույթի համաձայն, կկազմակերպվի ջահերով երթ, իսկ ապրիլի 24-ին՝ խաղաղ բողոքի երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն։