Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված ցույց Թբիլիսիում

Այսօր` ապրիլի 24-ին, Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կայացավ պահանջատիրական ցույց` նվիրված Հայոց ցեղասպանության 110-ամյակին։

Կայացավ նաև բաց ցուցահանդես «Հայոց ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն» խորագրով.

Դեսպանատան առջև կայացած պահանջատիրական ցույցի ժամանակ ելույթ ունեցան հասարակական գործիչներ, «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի անդամներ և այլք։

Հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ։ Պահանջատիրական ցույցին զուգընթաց, մասնակիցները հնարավորություն ունեցան ստորագրելու Ադրբեջանում կալանավորված հայ պատանդների ազատ արձակմանը հասնելու նպատակով ստեղծված խնդրագիրը (ըստ ցանկության — հեղ.)։

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանն իր ելույթում ընդգծեց օրվա և միասնության կարևորության մասին։

«Այսօր աշխարհում գործում են երկակի ստանդարտներ, և, ցավոք, մարդիկ տարբեր կերպ են ընկալում ժողովրդավարությունը: Միջազգային կազմակերպությունները, որոնք պարտավոր են արձագանքել, դա չեն անում կամ չեն կարողանում անել տարբեր պատճառներով: Արդյունքում մենք ունենք փաստ, որ նույնիսկ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց` անպատժելիության պատճառով մինչ օրս բազմաթիվ ցեղասպանություններ են իրականացվել»:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության գրասենյակի գործավար Ժանետտա Բաղդասարյանը նշեց` 20 տարի է, ինչ Թբիլիսիում հայ համայնքը կազմակերպում է երթ և հանրահավաք` նվիրված Հայոց ցեղասպանությանը։

«Այս տարի լրանում է 20-ամյակը` Թբիլիսիում անցկացվող ապրիլքսանչորսյան միջոցառումների։ Առաջին միջոցառումը եղել է 2005 թվականին` նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին, և մինչ օրս ավանդույթը պահպանվում է և շարունակվելու է ամեն տարի»,- ասաց Ժանետտան։

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի երիտասարդական և «Րաֆֆի» ուսանողական միության նախագահ Վրեժ Հարությունյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց` մինչև ապրիլի 24-ը արդեն տարիներ շարունակ ջահերով երթ է անցկացվում ապրիլի 23-ին.

«Կարևոր է, որ բոլորս ներկա լինենք` ինչպես ապրիլի 24-ին, այնպես էլ ապրիլի 23-ին, քանի որ, ինչպես հայտնի է, ըստ ավանդույթի` արդեն չորս տարի անցկացվում է ջահերով երթ Թբիլիսիի Իրանի մետրոյի հարակից տարածքից դեպի Սբ. Էջմիածին։ Ինչ վերաբերում է ապրիլի 24-ի պահանջատիրական ցույցին, երկու տարի է` ինչ որոշել ենք առանց երթի հավաքվել Թուրքիայի դեսպանատան առջև»,- ասաց Հարությունյանը` նշելով, որ մինչ այդ ապրիլի 24-ին ևս տեղի էր ունենում երթ, որը սկիզբ էր առնում Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի մոտից։

Նշենք. ապրիլի 23-ի ժամը 19:15-ին, «Վրաստանի հայ համայնք»-ի աջակցությամբ, Վրաստանի երիտասարդական միությունը անցկացրել է ավանդական ջահերով երթ մետրոյի «Իսանի» կայարանի հարակից տարածքից դեպի Ավլաբարիի (Հավլաբար) Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի ուղղությամբ, վերջում տեղի է ունեցել խաղաղության աղոթք և մոմավառություն։ Իսկ այսօր, ժամը 12.00-ին, Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, մատուցվել է Բարեխոսության կարգ, աղոթք՝ ի հիշատակ 1915 թ. 1.5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների։

Ցեղասպանությունից 110 տարի անց. մանրամասներ Թբիլիսիում կայանալիք միջոցառումներից