Հուլիսի 12-ին և 13-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո միջազգային հանրությունը կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել: Այս պահի դրությամբ հիմնականում նման բովանդակության հոդվածներ են հրապարակվում վրացական մեդիայում:
Հատկանշական է, որ Interpressnews լրատվականը, հղվելով ադրբեջանական APA գործակալությանը գրում է, որ «հայկական կողմի հրետանային կրակի հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել»:
««Թշնամու սադրանքի զոհ է դարձել» 1944-ին ծնված տղամարդ, որը Աղդամ գյուղի բնակիչ էր», — գրում է լրատվականը՝ հավելելով, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել էր, որ «պատժիչ գործողությունների» շրջանակներում ոչնչացվել են թշնամու ռազմական տեխնիկա, սարքավորումներ և օբյեկտներ: «Ավելի ուշ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութեր, որոնք, ըստ նախարարության, ցույց են տալիս հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական ռազմակայանների ոչնչացումը»:
«Երևանն ու Բաքուն միմյանց են մեղադրում սահմանային վեճ սկսելու մեջ: Երկու կողմերն էլ միջադեպի ընթացքում օգտագործել են հրետանի, ականանետեր և տանկեր. բախումները տեղի են ունեցել Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի և Ադրբեջանի արևմտյան սահմանի երկայնքով՝ հայկական Տավուշի մարզի մոտակայքում», — գրում է Ազատության ռադիոկայանի վրացալեզու հարթակը:
«Ի պատասխան Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութեր, որոնցում, ըստ նախարարության, երևում է հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական հենակետերի ոչնչացումը», — գրում է Վրաստանի հանրային հեռարձակողը (1tv.ge)՝ կից հրապարակելով ՀՀ ՊՆ կողմից տարածված տեսանյութը:
1tv.ge-ն անդրադարձել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությանը, որում վերջինս նշել է, որ «ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»: