Մեկնարկել է Մ-1՝ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգումը։ Այս տեղեկությունը տարածել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նշվում է, որ 11.5 կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը, որ սկսվում է Աշոցքից և հասնում մինչև Բավրա (վրացական կողմում Նինոծմինդայի մաքսակետ- խմբ.), խիստ անբարեկարգ վիճակում է եղել։
Այս պահին կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն, իրականացնում է ծածկի ֆրեզավորման աշխատանքը։ Շուրջ 3 կմ տեղամասում արդեն իսկ կատարվել է ֆրեզավորումը։ Տեխնիկական հսկողությունը կատարում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
«Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: