«Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում սեպտեմբրի 25-ին «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի հյուրն էր «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից Թբիլիսիի Իսանի (նշված ընտրատարածքի կազմում են նաեւ Հավլաբար եւ Էլիա թաղամասերը) շրջանից մեծամասնական ընտրակարգով ներկայացված թեկնածու Դավիթ Ճիճինաձեն: Հանդիպումն ընթացավ երկխոսության ձեւաչափով, քննարկվեցին Վրաստանում բնակվող էթնիկ հայերի, ինչպես նաեւ հենց Իսանի շրջանում բնակվող ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներն ու դրանց լուծումները:
«Մի ժամանակ մեր հարեւանների 80 տոկոսը հայեր էին: Այն ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր նրանց հետ առանձին հանդիպում կունենամ: Հաճախ ենք օգտագործում «էթնիկ փոքրամասնություն» արտահայտությունը, դա ինձ դուր չի գալիս: Հայերն այս երկրում երբեւէ փոքրամասնություն չեն հանդիսացել»,-ասաց Ճիճինաձեն հանդիպման սկզբում Ալիքի հետ զրույցում:
Իր խոսքում Ճիճինաձեն հիշատակեց նաեւ Հայոս ու Քարթլոս եղբայրներին՝ կարևորելով հայ-վրացական հարաբերությունները: Նա նշեց նաեւ, որ վերջերս եղել է Հայաստանում, որտեղ տարբեր հանդիպումների ընթացքում բանակցություններ է վարել Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին ՀՀ-ի քաղաքացիություն չտալու վերաբերյալ:
«Դա անելով նրանք զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից, իսկ հետո չեն մնում նաեւ Հայաստանում. մեկնում են Ռուսաստան: Արդյունքում մենք կորցնում ենք մեր շնորհալի քաղաքացիներին»,- նշեց նա:
Հանդիպման ավարտին ծրագրի համակարգող Գիորգի Թումասյանը դրական գնահատեց երկխոսությունը.
«Առաջին հերթին քննարկեցինք Հավլաբար թաղամասի կառուցվածքին, ճանապարհներին, խցանումներին, կայանատեղերի ու թաղամասի կանաչապատմանը վերաբերող հարցեր: Ամենակարեւորը թերևս հայկական եկեղեցիների հարցն է. Սուրբ Մինասը եւ Կարմիր Ավետարանը, ցավոք, այսօր չեն գործում»:
Թումասյանի խոսքով, անդրադարձ եղավ նաև վրացական լրատվամիջոցներում վերջերս կրկին ակտիվացած հայերի հանդեպ բացասական տրամադրությունների թեմային:
«Պարոն Ճիճինաձեն խոստացավ, որ ուշադիր կլինի այս հարցերում եւ կաջակցի հայ բնակչությանը»,- նշեց Թումասյանը:
Ալիքի հետ զրույցում Դավիթ Ճիճինաձեն նշեց, որ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների առջև ծառացած խնդիրները լուծելու համար պետք է վերականգնել հավատը:
«Հայերը պետք է վերականգնեն իրենց ինքնավստահությունը, պետք է հիշեն, որ այս երկրի հենակետային ուժն են եղել: Հավատը վերականգնելուց հետո ամեն ինչ կկարգավորվի: Միասին միշտ եղել և մնալու ենք այս երկրի տերերը»,- ասաց Ճիճինաձեն:
Նա կարևորեց ազգությամբ հայ քաղաքացիների ներդրումը Վրաստանի զարգացման հարցում, ինչպես նաև իր ընտանիքի կյանքում: Այդ իսկ պատճառով նա խնդրում է հայաշատ թաղամասի բնակիչների ձայնը՝ նրանց ծառայելու ու ինչպես ասաց պարտքը վերադարձնելու համար: