«Հայերն այս երկրում երբեւէ փոքրամասնություն չեն հանդիսացել». Իսանիից առաջադրված թեկնածու

«Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում սեպտեմբրի 25-ին «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի հյուրն էր «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից Թբիլիսիի Իսանի (նշված ընտրատարածքի կազմում են  նաեւ Հավլաբար եւ Էլիա թաղամասերը)  շրջանից  մեծամասնական ընտրակարգով ներկայացված թեկնածու Դավիթ Ճիճինաձեն: Հանդիպումն ընթացավ երկխոսության ձեւաչափով, քննարկվեցին Վրաստանում բնակվող էթնիկ հայերի, ինչպես նաեւ հենց Իսանի  շրջանում բնակվող ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներն ու դրանց լուծումները:

14454024_1219213551481152_1319219173_o«Մի  ժամանակ  մեր հարեւանների 80 տոկոսը  հայեր էին: Այն ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր նրանց հետ առանձին հանդիպում կունենամ: Հաճախ ենք օգտագործում «էթնիկ փոքրամասնություն» արտահայտությունը,  դա ինձ դուր չի գալիս: Հայերն այս երկրում երբեւէ փոքրամասնություն չեն հանդիսացել»,-ասաց Ճիճինաձեն հանդիպման սկզբում Ալիքի հետ զրույցում:

14489752_1219213744814466_1509278895_oԻր խոսքում Ճիճինաձեն հիշատակեց նաեւ Հայոս ու Քարթլոս եղբայրներին՝ կարևորելով  հայ-վրացական հարաբերությունները: Նա  նշեց նաեւ, որ վերջերս եղել է Հայաստանում, որտեղ  տարբեր հանդիպումների ընթացքում բանակցություններ է վարել Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին ՀՀ-ի  քաղաքացիություն չտալու վերաբերյալ:

«Դա անելով նրանք զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից, իսկ հետո չեն մնում նաեւ Հայաստանում. մեկնում են Ռուսաստան: Արդյունքում մենք կորցնում ենք մեր  շնորհալի  քաղաքացիներին»,- նշեց նա:

Հանդիպման ավարտին ծրագրի համակարգող Գիորգի Թումասյանը դրական գնահատեց երկխոսությունը.

«Առաջին հերթին քննարկեցինք Հավլաբար թաղամասի կառուցվածքին, ճանապարհներին, խցանումներին, կայանատեղերի ու թաղամասի կանաչապատմանը վերաբերող հարցեր: Ամենակարեւորը թերևս հայկական եկեղեցիների հարցն է. Սուրբ  Մինասը եւ Կարմիր Ավետարանը,  ցավոք,  այսօր չեն գործում»:

14522054_1219213808147793_270046208_oԹումասյանի խոսքով,  անդրադարձ եղավ նաև վրացական  լրատվամիջոցներում վերջերս կրկին ակտիվացած  հայերի հանդեպ բացասական տրամադրությունների թեմային:

«Պարոն Ճիճինաձեն խոստացավ, որ ուշադիր  կլինի այս հարցերում եւ կաջակցի հայ բնակչությանը»,- նշեց Թումասյանը:

Ալիքի հետ զրույցում Դավիթ Ճիճինաձեն նշեց, որ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների առջև ծառացած  խնդիրները լուծելու համար պետք է վերականգնել հավատը:

«Հայերը պետք է  վերականգնեն իրենց  ինքնավստահությունը, պետք է  հիշեն, որ այս երկրի հենակետային ուժն են եղել: Հավատը վերականգնելուց հետո ամեն ինչ  կկարգավորվի: Միասին միշտ եղել և մնալու ենք այս երկրի տերերը»,- ասաց Ճիճինաձեն:

Նա  կարևորեց ազգությամբ հայ քաղաքացիների ներդրումը Վրաստանի  զարգացման հարցում, ինչպես նաև իր ընտանիքի կյանքում: Այդ իսկ պատճառով նա խնդրում է հայաշատ թաղամասի բնակիչների ձայնը՝  նրանց ծառայելու ու ինչպես ասաց  պարտքը վերադարձնելու համար:

 

 

 

 

Թողնել պատասխան