Հայը, ադրբեջանցին ու վրացին նույն հարկի տակ. երկար սպասված մանկապարտեզը բացվեց

Վրաստանի Մառնեուլիի շրջանի Սաիմերլո (նախկին Օրջոնիկիձե) գյուղում հոկտեմբերի 15-ին բացվեց գյուղի մանկապարտեզը:

Եվրոպական ստանդարտներով կառուցված վրացալեզու մանկապարտեզն իր պատերի ներսում է ընդունելու երեխաներ մոտակա 5-6 գյուղերից, այդ թվում՝ հայաբնակ Միրզոևկա, Շուլավերի, ինչպես նաև Դամիա-Գյորախ, Բայլար, Իմիր: Հատկանշական է, որ Մառնեուլիի այս հատվածի գյուղերում հիմնականում երեք ազգն ապրում է խառը՝ խաղաղ ու համերաշխ: Այստեղ ապրում են նաև ասորիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ:

Երկհարկանի շենքն ամբողջությամբ նոր ենթակառուցվածք է: Երկրորդ հարկում, երեխաների խմբերի հետ միասին, գտնվում են աշխատակազմի սենյակները և դահլիճը: Շենքը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմիններից ներկայացուցիչներ և Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին: Ըստ Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալիի, նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի լինի բոլոր երեխաներին:

«Քաղաքապետարանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Մառնեուլիում նախատեսվում է մանկապարտեզների կառուցում: Մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ, որպեսզի Մառնեուլիի յուրաքանչյուր երեխա ունենա նոր, հիմնանորոգված, ժամանակակից մանկապարտեզ», — ասել է քաղաքապետ Զաուր Դարգալին:

Շոթա Ռեխվիաշվիլին էլ նշել է, որ Քվեմո Քարթլիում մանկապարտեզների կառուցումը շարունակվում է ինտենսիվորեն:

Սաիմերլո գյուղում նոր մանկապարտեզի կառուցումն անհրաժեշտ դարձավ, երբ շենքը վթարային կարգավիճակ ստացավ: Երկու տարի մոտ 100 երեխա նույն գյուղի տներից մեկում էին նախադպրոցական կրթություն ստանում:

«Ներկայիս մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար և այս պահին մոտ 130 երեխա է ընդունում: Օրեցօր ավելանում են երեխաները», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Սաիմերլո գյուղի մանկապարտեզի տնօրեն Ազա Խարշիլաձեն:

 

Ազա Խարշիլաձեի խոսքերով` իրենց մանկապարտեզ հաճախում են ոչ միայն Սաիմերլո գյուղից, այլ նաև հարևան գյուղերից ինչպես վրացիներ, այնպես էլ հայեր և ադրբեջանցիներ:

«Իրենց մոտ էլ կա մանկապարտեզ, թեև շատերն ուզում են, որ իրենց երեխաները վրացական մանկապարտեզ գնան ու լեզուն փոքր տարիքից սովորեն: Որոշ տեղերում էլ մանկապարտեզում տեղ չկա, դրա համար են բերում մեզ մոտ», — ասում է տնօրենը` հավալելով, որ նույն հարկի տակ երեք ազգի ներկայացուցիչներին միավորում է վրաց լեզուն, իրենք էլ տարբերություն չեն դնում․ «բոլորն էլ մեր երեխաներն են, ապրում ենք հանգիստ ու խաղաղ»:

Հատկանշական է, որ Սաիմերլոյի մանկապարտեզի բացումը ուսումնական տարվա սկզբի՝ սեպտեմբերի 16-ի փոխարեն կատարվեց հոկտեմբերի 15-ին. մեկ ամիս շարունակ երեխաները չէին կարողանում հաճախել մանկապարտեզ:

Նոր մանկապարտեզը կառուցել է «Նիկա» ՍՊԸ-ն, ծրագիրն իրականացնելու համար պահանջվել է մեկ տարի, տեղական բյուջեից ծախսվել է 587 000 լարի:

Նշենք, որ 2018 թվականի ապրիլին կնքված պայմանագրի համաձայն՝ մանկապարտեզի շինարարական աշխատանքները պետք է կատարվեին 8 ամսվա ընթացքում, թեև ավարտվեցին միայն 18 ամիս անց: Միգուցե բացման հետաձգման պատճառը անհամապատասխան աշխատանքներն էին, և այդ պատճառով էլ հանձնաժողովը չէր ընդունում շինությունը: Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ՝ արված ս.թ. մայիսին.

Քաղաքապետարանում ներկայումս կա 14 մանկապարտեզ, որոնք չեն կարող ապահովել նախադպրոցական կրթություն ամբողջ Մառնեուլիում: Օրինակ՝ այս տարի 200 երեխա պահեստային ցուցակում է՝ անբավարար տեղերի պատճառով: