Քիչ առաջ սոցցանցերում տարածվեց տեղեկություն այն մասին, թե որ պատգամավորներն են կողմ քվեարկել, և ովքեր են ձեռնպահ մնացել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը։
Ընդհանուր հաշվով 76 պատգամավոր կողմ է քվեարկել օրինագծի ընդունմանը, նրանց թվում են նաև հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը։
Հատկանշական է, որ լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սամվել Մանուկյանը նշել էր․ «Ես արձակուրդում եմ, այս օրենքից ոչինչ չգիտեմ, երբ հասնեմ կհարցնեմ, հետո կպատասխանեմ»։ Նա այդ մասին հայտնել էր sknews.ge-ին։
Իսկ Սումբատ Կյուրեղյանը հետևյալ կերպ էր արձագանքել նույն հարցին․ «Ես չեմ կարող իմ դիրքորոշումը ձեզ ասել այս փուլում. երբ օրենքն ընդունեն, հետո ուղղեք այդ հարցն ինձ։ Օրենքը կամ կընդունվի, կամ` ոչ։ Երբ որոշվի, ես ձեզ կպատասխանեմ՝ կողմ եմ, թե ոչ»։
Նշենք, որ երեկ՝ մարտի 6-ին Սամցխե-Ջավախեթիի հասարակական կազմակերպությունները շրջանի մեծամասնական պատգամավորներին կոչ արեցին չաջակցել խորհրդարանում քննարկվող «Օտարերկրյա գործակալների» փաթեթին։
Պատգամավորների քվեների մասին իր ֆեյբուքյան էջում տեղեկություն է տարածել Գոչա Միրցխուլավան: