Հայատյացությունը վրացական մամուլում. մեկնաբանում է մեդիափորձագետը

Վերջին շրջանում վրացական մամուլում ու սոցիալական ցանցերում տարածվում են կեղծ ու խեղաթյուրված նորություններ, որոնք պարունակում են հայատյացության դրսևորումներ, կամ սադրիչ բնույթ են կրում: Ալիք Մեդիան առաջիկայում կանդրադառնա նման հոդվածներին, կհրապարակի տարբեր փորձագետների կարծիքներ:

Հերթական կեղծ նորության տարածման մասին զրուցել ենք «Մեդիա զարգացման հիմնադրամի» մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Սոփո Գելավայի հետ: Խոսքը վերաբերում է timenews.ge  լրատվամիջոցին, որը հրապարակել է անցյալ տարեվերջին (դեկտեմբերին) Սամցխե Ջավախքի Փոկա գյուղի բնակիչների վրեժխնդրության մասին հոդված՝ խեղաթյուրված մանրամասներով:

Բացի այն, որ հոդվածը հրապարակվել է դեպքից մի քանի ամիս անց, ըստ Գելավայի, վերնագիրը ագրեսիա է պարունակում. «Շատ վատ տեղեկություն, որ տարածվել է քիչ առաջ. սա արդեն չափից դուրս է՝ արիացած հայերն այրել են հայր Նիկոլոզի տունը»:

«Սա ապատեղեկատվության տարածման առաջին ալիքը չէ: Այն ժամանակ դեռ բազմաթիվ լրատվամիջոցներ գրեցին, որ քահանայի տունն այրելու մասին  լուրը իրականությանը չի համապատասխանում: Ինքը հայր Նիկոլոզը հայտարարություն էր արել այս մասին: Օրեր առաջ հրապարակված հոդվածը վտանգ պարունակող վերնագիր ուներ: Նման վերնագրերը մանիպուլյացիա են անում: Հեղինակները փորձում են խաղալ մեր զգացմունքների հետ և դրանով դիտումներ, կիսումներ ու վարկանիշ ստանալ»

Գելավայի խոսքով, Վրաստանում վերջին շրջանում զարգացած ծայրահեղ ազգայնականության ֆոնին նման հոդվածները շատ վտանգավոր են:

Խոսելով խնդրի լուծման մասին՝ Գելավան ասում է. «Հարկավոր է աշխատել ավելի մեծ լսարանի հետ, որպեսզի համացանցում տեղեկությունը տեսնելիս նրանց մոտ հարցեր առաջանան, ստուգեն մինչև տվյալ նյութով կիսվելը, այսինքն, չդառնան կեղծ տեղեկություն տարածողներ:

«Մեր հիմնական գործունեությունը կապված է մեդիա տարածքում նման տեղեկության դեմ պայքարի հետ, աշխատում ենք տարբեր կազմակերպությունների, էթիկայի քարտիա ՀԿ-ի հետ: Ի վերջո, եթե ուշադրություն չդարձնենք զգացմունքային տարածքի վրա, դա ավելի մեծ խնդրի կվերածվի: Այն էթիկայից զուրկ լուսաբանում է․  անգամ, եթե տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, միայն վերնագիրը ընթերցողի մոտ հարցեր է  առաջացնում՝ ապացուցելով հրապարակման կեղծ լինելը»,- ասում է Գելավան: