
Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն մարտի 16-ին մի շարք հանդիպումներ է ունեցել, փոխանցում է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Շարվաշիձեն հանդիպել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի հետ։
Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ՝ ներառյալ վրացական և հայկական պրոֆիլային ընկերությունների միջև համագործակցության խորացման հեռանկարները, փորձագետների և ակադեմիական շրջանակների միջև շփումների ընդլայնումն ու ամրապնդումը։
Նույն օրը Շարվաշիձեն հանդիպել է նաև Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։
Հանդիպման շրջանակներում ընդգծվել է գործընկեր գերատեսչությունների միջև առկա հարաբերությունները խորացնելու և իրավունքի ոլորտում ակադեմիական համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը։ Կողմերը քննարկել են այս ուղղության հետագա ամրապնդման համար անհրաժեշտ հետագա քայլերը։