Հայաստանը պատժողական արդարադատությունից վերականգնողական արդարադատությանն (ինստիտուտ է, երբ անձը պատիժը կրում է հասարակության մեջ) անցնելու ճանապարհին ուսումնասիրում է եվրոպական երկրների, ինչպես նաև հարևան Վրաստանի փորձը։
Վրաստանը մոտ տասը տարի առաջ է տվել հանցագործություններին առավել ճկուն հակազդում ենթադրող այս գործընթացի մեկնարկը, որոշ գործառույթներ արդեն ամբողջովին կիրառվում են։
Վրաստանում ԵՄ դատական համակարգի արդարադատության աջակցության ծրագրի ղեկավարի տեղակալ Մայա Չոչուան ասում է, որ Վրաստանի իրավական համակարգը մինչ օրս աշխատում էր միայն մեղավորին պատժելով, այսինքն հաշվի չէին առնվում մի շարք այլ հանգամանքներ, օրինակ տուժողի իրավունքները, նրան փոխհատուցելու կարևորությունը և այլն:
«2010 թվականին Վրաստանի Քրեական օրենսգրքում մի շարք կարևոր փոփոխություններ եղան, օրենքով սահմանվեց անչափահասների հաշտեցման և մեդիացիայի մեխանիզմը: Փոփոխությունների հիման վրա փորձնական ծրագրով առաջին անչափահասը «հաշտեցվեց»՝ այսինք դատարան չգնաց: Փորձնական ծրագիրը գործում էր Վրաստանի չորս քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Բաթումիում, սակայն 2013-ից այն արդեն կիրառելի է ողջ Վրաստանում», — ասում է նա։
Ըստ Չոչուայի, այսօր Վրաստանում հիշյալ գործառույթը միայն լիովին չի գործում խիստ ծանր հանցագործությունների դեպքում: Մյուս դեպքերում, երբ անչափահասը, ինչպես նաև 18-21 տարեկան երիտասարդը հանցանք է գործում, իրավական մարմինները կիրառում են վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատությունը, անչափահասի հետ պրոբացիայի ծառայողի (մեդիատորի կամ հաշտարարի) ներկայությամբ հարցազրույց են անցկացնում փաստաբանն ու հոգեբանը: Այնուհետև տուժողի հետ հանդիպման արդյունքում հակազդման բոլորովին նոր միջոց է կիրառվում, որը փորձ է անում հավասար պայմաններ ստեղծել երկու կողմերի արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև կողմերի միջև փոխըմբռնում ձևավորելու համար։
«Փորձը ցույց է տվել, որ նման դեպքերից հետո տվյալ երեխան կամ երիտասարդն այլևս գողություն կամ այլ հանցանք չի գործում։ Սա նպաստում է կրկնահանցագործության նվազմանը», — ասում է նա՝ հավելելով, որ ծրագրի մեկնարկից մինչ օրս Վրաստանում քննվել է 4000 անչափահասի գործ։ Հենց այս ծրագրի շնորհիվ է, որ այսօրվա դրությամբ Վրաստանի բանտերում 300-ի փոխարեն ընդամենը 24 անչափահաս է գտնվում:
Անշուշտ, Վրաստանը դեռևս այդ համակարգն էլ ավելի կատարելագործելու ճանապարհին է, կան ինչպես հաջողված, այնպես ձախողված օրինակներ, սակայն, Հայաստանի համար կարևոր է ուսումնասիրել շատ նման հարևան այս երկրի անցած ճանապարհը։
Հայաստանի «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Հովակիմյանի խոսքով, Հայաստանը ևս բարեփոխումներ իրականացնելով արդարադատության ոլորտում, զարգացնում ու բարելավում է անչափահասների հետ կապված ծրագրերը.
«Վրաստանում քայլերը շատ ավելի առաջ են, բնական է, եվրոպական ծրագրերի աջակցությունը ևս մեծ է։ Մենք ուզում ենք ավելի ընդլայնել հանդիպումների, համաժողովների անցկացման տարածքը, որպեսզի դրանք հետագայում ավելի հաճախ անցկացվեն նաև Հայաստանում», — ասում է նա՝ ավելացնելով, որ հենց Վրաստանի հետ արդարադատության բնագավառում անելիքները շատ են:
Վրաստանյան վերոնշյալ փորձը կարևոր է նաև այն առումով, որ արդեն Հայաստանում գործում է անչափահասների արդարադատության խորհուրդը, որն իրականացվելով «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակում, փորձ է անում իրավապահ մարմիններում հայտնված երեխայի համար արդարադատությունը դարձնել հասանելի և մատչելի՝ չմոռանալով որ գործ ունենք երեխայի հետ։
«Մեդիատորի միջոցով վեճերը լուծվում են մի քանի օրվա ընթացքում, ի տարբերություն դատական տարբերակի, որը հատկապես հայաստանյան իրականության դատական համակարգի գերբեռնվածության պայմաններում կարող է տևել տարիներ: Մեդիացիան, որպես կողմերի կարգավորման մեթոդ, ճանաչված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ», նշում է Հովակիմյանը:
Հայ և վրացի մասնագետները օրեր առաջ հերթական հանդիպումն անցկացրին Թբիլիսիում՝ նպատակ ունենալով ինչպես անչափահասների, այնպես էլ մեծահասակների համար քրեական արդարադատության մեջ վերականգնողական արդարադատության մեխանիզմների կիրառումը լավագույնս խթանել իրենց երկրներում։
Ավստրիական Hulla and co Human Dynamics KG խորհրդատվական ընկերության կողմից իրականացված գիտաժողովին մասնակցել են նաև Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նիդեռլանդների և մի շարք այլ երկրների ոլորտի ներկայացուցիչները: