Փետրվարի 15-ին Թբիլիսիում «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց հայ-վրացական փորձի փոխանակման եռօրյա սեմինարը:
90-ականներից ի վեր Վրաստանում իրականացված բարեփոխումների հեղինակներն ու համահեղինակները հայ գործընկերներին ներկայացրեցին բարեփոխումների առանձնահատկություններն ու մարտահրավերները:
Հայաստանյան պատվիրակության կազմում են իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ:
«Բազմազգ Վրաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդրա Կալատոզիշվիլիի խոսքով Վրաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեն հարևան Հայաստանում իրականացնելիք բարեփոխումները:
«Հայաստանը շատ կարևոր փուլ է մտել, այդ գործընթացին հետևում է ամբողջ աշխարհը և հատկապես Վրաստանը: Մեր համար շատ կարևոր է, որ բարեփոխումները լինեն ճիշտ և տրամաբանական: Իհարկե, բացթողումներ եղել են նաև մեր բարեփոխումների ընթացքում, այնուամենայնիվ մեր նպատակն է փոխանցել մեր հաջող պատմությունները:
Սեմինարը վարում են փորձագետներ, ովքեր անձամբ մասնակցություն են ունեցել բարեփոխումների իրականացման գործընթացին: Քննարկվող թեմաների շարքում են մարդու իրավունքները, հասարակական անվտանգությունը, հարկային և մաքսային բարեփոխումները և այլ թեմաներ»:
Դատական համակարգում իրականացրած բարեփոխումների մասին պատմեց սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեն։
«Հիմա շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս քիչ սխալ գործի բարեփոխումների փուլում: Բնական է, որ տեսական բարեփոխումներից բացի, հարկավոր է նաև իմանալ գործնականի առանձնահատկությունները: Մենք հարևաններ ենք, պետք է միշտ պատրաստակամ լինենք կիսվել ինչպես հաջողված, այնպես էլ անհաջող պատմություններով ու օրինակներով: Նման հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի նրանք նույն սխալները չգործեն:
Լսարանի հետաքրքրությունը մեծ է: Հարցերից զգացվում է, որ նրանք լավ գիտակցում են, թե որ բարեփոխումներն են առավել կարևոր և բարդ իրագործելի Հայաստանի պարագայում»: