Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը այցով գտնվում էր Վրաստանում, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ):
Ըստ ՊՆ-ի՝ Ասրյանին հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին։
ՊՆ-ի փոխանցմամբ՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել գործընկերների խորհրդակցություն։ Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել Վրաստանի և Հայաստանի միջև դարավոր պատմական բարեկամությունը և բարիդրացիական հարաբերությունները։
Հանդիպմանը պաշտպանության ուժերի հրամանատարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Մատիաշվիլին Հայաստանի զինված ուժերի հրամանատարին է ներկայացրել Վրաստանի պաշտպանության ուժերում իրականացվող բարեփոխումները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին:
«Գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ և Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ։
Երկկողմ հանդիպումից հետո Ասրյանը Հերոսների հրապարակում ծաղկեպսակ դրեց Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցեց մարտական գործողություններում զոհված մարտիկների հիշատակին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Այցի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի պատվիրակության անդամներն այցելել են նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն (JTEC) և սերժանտների ակադեմիա։