Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն «Atlantic Council»-ի վեբինարի ընթացքում կիսվել է կորոնավիրուսի դեմ պայքարի Վրաստանի փորձով, անդրադարձել մի շարք հարցերի, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերություններին:
«Մենք համակեցության երկար պատմություն ունենք: Գիտեմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում վարակի հետ կապված իրավիճակն ավելի բարդ է, քան Վրաստանում: Մեր հայ գործընկերներին օգնություն ենք առաջարկել, նախորդ շաբաթ էլ ենք կապ հաստատել նրանց հետ: Մի անգամ քննարկել ենք բուժման հարցի, հաջորդ անգամ էլ ` վարակի տարածման վերահսկողության մասին, կիսվել ենք փորձով: Մենք լավ հարաբերություններ ունենք: Ընդամենը մի դիպված է տեղի ունեցել հայաստանյան քաղաքական գործչի մոտ եղած թյուրըմբռնման արդյունքում, այն էլ աննշան մի բան էր: Սա չի կարող լարվածության հիմք հանդիսանալ: Համաճարակն ու կորոնավիրուսը չեն ազդի մեր պաշտոնական ու ոչ պաշտոնական բարեկամության վրա»,- ասել է Գամկղրելիձեն: