Այսօր՝ մայիսի 17-ին Ախալքալաքում հյուընկալվեցին Հայաստանի «Տեղական ակտիվ խմբերի» ներկայացուցիչները։ Հանդիպում կայացավ Ախալքալաքի և Հայաստանի տարբեր մարզերում գործող «Տեղական ակտիվ խմբերի» միջև։ Ծրագիրը, որը իրականացվում է Եվրամիության աջակցությամբ, Վրաստանում գործում է արդեն 5-րդ տարին, իսկ վերջերս այն նաև սկսեց գործել Հայաստանում, նպատակը տեղական համայքները տարբեր ուղղություններով զարգացնելն է։
«Եվրոպայում լիդեր մեթոդոլոգիան գործում է 30 տարուց ավելի, Վրաստանում 5 տարի, իսկ Հայաստանում մենք սկսել են անցած տարվանից։ Շիրակի մարզում այս ծրագիրն իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը, որը ֆինանսավորում է Եվրամիությունը և Ավստրիական զարգացման համագործակցությունը։
Ծրագրի նպատակը գյուղական համայնքների զարգացումն է լիդեր- մեթոդոլոգիայի միջոցով, որի առանցքում համագործակցությունն է քաղաքացիական հասարակությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի սեկտորների միջև», — «Ալիք մեդիային» ասում է Հյաստանի ՏԱՂ-ի (Տեղական ակտիվ խումբ) ներկայացուցիչ Հասմիկ Տոնապետյանը։
Նա «Ալիքի մեդիայի» հետ զրույցում կիսվում է Շիրակի մարզում գործող խմբի փորձով՝ նշելով, որ այնտեղ գործում են 3 տեղական ակտիվ խմբեր, որոնք միավորում են 47 գյուղական համայքներ։ Այցի նպատակների մասին խոսելիս, նա նշում է, որ նպատակը հարևան Վրաստանի փորձին ծանոթանալն է․
«Ծրագրի նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը Վրաստանի, հետագայում նաև Եվրոպայի տեղական ինքնակառավարման խմբերի միջև, փոխանակման այցեր ենք կազմակերպել հարևան Վրաստանի հետ, որովհետև այստեղի ՏԱՂ-երը 5-ամյա փորձ ունեն և մեզ համար հետաքրքիր էր տեսնել նրանց իրականացրած նախագծերը և փոխանակվել փորձով»։
Հայաստանի տեղական ակտիվ խմբերի համար այսօրվա այցը Վրաստան 3-րդն էր, նրանք հնարավորություն են ունեցել փորձի փոխանակման նպատակով հանդիպել Վրաստանի տարբեր մասերում գտնվող տեղական ակտիվ խմբերի հետ, սակայն Տոնապետյանն ընդգծում է, որ Ջավախքի ու Շիրակի մարզի միջև նմանություն կա․
«ՏԱՂ-երը գրեթե նույն ռազմավարությամբ են աշխատում, բայց օրինակ Բորջոմիում հիմնական ոլորտը զբոսաշրջությունն է, այլ տեղում մեկ ուրիշ բան, իսկ Ջավախքն ու Շիրակը շատ նման են այս առումով, քանի որ հիմանականում գերակշռում է գյուղատնտեսությունը», — նկատում է նա։
Ախալքալաքում գործող տեղական ակտիվ խմբի հիմնադիր և ղեկավար Սերգեյ Խաչատրյանն էլ ներկայացրեց կազմակերպության գործունեության մասին, նշելով, որ այս տարի Ախալքալաքի մասնաճյուղը շատ ձեռքբերումներ է ունցել և օգնել տեղացիներին․
«Այս տարի Ախալքալաքի տեղական ակտիվ խումբը բազում դրամաշնորհներ է ստացել, համայնքին աջակցող նախագծեր իրականացնելու համար։ Կազմակերպությունը շահագրգռված է էլ ավելի մեծ օգնություն ցուցաբերել շրջանին, զարգացնել գյուղատնտեսությունը, որը ամենակարևոր ճյուղն է Սամցխե-Ջավախեթիում», — նշում է Խաչատրյանը։
Նա հավելում է, որ իրենց ծրագրերը տարբեր բնույթ են կրել, դրանցից մեկը փոխանակման ծրագիրն էր, երբ երիտասարդներին ուղարկել են մեկ շաբաթյա այցերի Վրաստանի այլ շրջաններ՝ խթանելով ինտեգրմանը և բարձրացնելու վրաց լեզվի իմացության մակարդակը։
«Փոխանակման ծրագիրը նպաստեց Ախալքալաքի երիտասարդների զարգացմանը, ինտեգրմանը և փորձի կուտակմանը։ Այնտեղ նրանք ծանոթացան վրաց մշակույթին, իսկ իրենց մշակույթը, որպես էթնիկ փոքրամասնություն, ներկայացրեցին վրացի երիտասարդներին։ Սակայն սա այդ ծրագրերից միայն մեկն է, մենք բազում ծրագրեր ենք իրականացրել և՛ գյուղատնտեսության, և՛ կրթության ոլորտներում» — ասում է Խաչատրյանը։
Ախալքալաքի «Տեղական ակտիվ խմբի ջանքերով» քաղաքում բացվել է նաև մոր և մանկան կենտրոն․
«Մոր և մանկան կենտրոնը ծառայում է երեխայի զարգացմանը, ժամանցին, երբ միաժամանակ կարող է հանգստանալ նաև մայրիկը։ Ունենք այստեղ նաև մարզասրահ, որտեղ կանայք կարող են մարզվել, ունենք սրահ որտեղ կարելի է սրճել և անցկացնել լավ ժամանակ, իսկ երեխաների համար գործում է խաղասենյակ՝ հագեցված տարբեր խաղալիքներով և պարագաներով» — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Ախալքալաքի մասնաճյուղի ղեկավարներից մեկը։
Հայաստանի ՏԱՂ-ի խմբի այցը Վրաստան սկսվել է Բորժոմիից, այնուհետև այցելել են Ախալքալաք։ Ախալքալաքում նրանք ունեցել են փոքրիկ շրջայց՝ ծանոթանալով Ախալքալաքում իրականացված նախագծերին և ծրագրերին։