Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունն իր աջակցությունն է հայտնում Վրաստանում ընթացող եվրոպամետ ցույցի մասնակիցներին:
Համատեղ հայտարարության մեջ նշված է՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է Վրաստանի իշխանությունների բիրտ գործողությունները Վրաստանում խաղաղ ցուցարարների դեմ և իր աջակցությունն է հայտնում Վրաստանի ժողովրդին ու քաղհասարակությանը՝ հանուն ժողովրդավարության և եվրոպական ինտեգրման պայքարում։
«Խոր մտահոգությամբ և ցավով ենք հետևում վերջին օրերին եղբայրական Վրաստանում իշխանությունների կողմից խաղաղ հավաքների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառվող անհամաչափ եւ բիրտ ուժի, արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և չդադարող բռնությունների դաժան տեսարաններին։ Վերջին օրերին ոստիկանության և ուժայինների կողմից ինքնաբուխ խաղաղ ցույցերը ցրելու նպատակով կիրառված անհամաչափ բիրտ ուժի հետևանքով վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիներ, ուսանողներ, երիտասարդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ», — նշված է քաղհասարակության հայտարարության մեջ:
Նրանք դատապարտում են մարդկանց ազատ կամարտահայտության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի և ժողովրդավարական գործընթացների նմանօրինակ ճնշումը։ Կոչ են անում Վրաստանի իշխանություններին, ուժային կառույցներին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել անդառնալի ողբերգական հետևանքների.
«Ինչպես նաև ընդգծում ենք, որ հարևան Վրաստանում նման ոչ ժողովրդավար զարգացումները թողնելու են բացասական ազդեցություն մեր ամբողջ տարածաշրջանում քաղաքական իրավիճակի վրա։ Վերջին օրերին տեղի ունեցող քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության անհամաչափ գործողությունների հետևանքով վիրավորվածներին և տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և ուժ։ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ նրանում համախմբված կազմակերպություններս մեր ամուր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում ԱլԳ ՔՀՖ Վրաստանի ազգային պլատֆորմին և բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության, ազատության, մարդու իրավունքների ու Վրաստանի ժողովրդի ընտրած և մայր օրենքով՝ սահմանադրությամբ ամրագրված եվրոպական անշեղ ուղու անսասանության»:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 3-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ հանրահավաքի ցրման ժամանակ բերման է ենթարկվել 36 ցուցարար։ Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը՝ 260 ցուցարար: Նրանցից մի քանիսն արդեն վարչական տուգանքի կամ վարչական ազատազրկման են ենթարկվել։