Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հետ Ռուսթավի քաղաքում ունեցած հանդիպումից հետո «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է, որ հայկական կողմի հետ համագործակցության մեծ ներուժ կա․ կարելի է համագործակցել ինչպես կրթական, այնպես էլ ենթակառուցվածքային և այլ ոլորտներում:
«Մեր հարևան պետության հետ կարող են իրականացնել ուսանողների փոխանակման, դպրոցների միջև ծրագրեր, կրթական և ոչ միայն: Կարող ենք միմյանց հետ կիսվել նաև տարբեր ոլորտներում մեր գրանցած հաջող փորձով»,- ասել է Դոխտուիրշվիլին։
Նշենք, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին Քվեմո Քարթլի այցի շրջանակներում Ռուսթավի քաղաքում ընդունել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին:
«Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հանդիպմանը Սմբատյանը նշել է, որ դեսպանի պաշտոնում առաջին այցը Քվեմո Քարթլի խորհրդանշական է: Դեսպանի խոսքով, մարզը յուրահատուկ է, քանի որ այստեղ կողք կողքի ապրում են վրացիներ, հայեր և ադրբեջանցիներ:
Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին դեսպանին շնորհակալություն հայտնելով հայ-վրացական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրելու համար, ևս շեշտել է Քվեմո Քարթլիում տարբեր ազգերի խաղաղ համակեցության փաստը՝ նշելով, որ ինքն անձամբ մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ իր ընկերներն են եղել ազգությամբ հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ և այլն:
Ավելին՝ ստորև
Ռուսթավիում ՀՀ դեսպանին հյուրընկալել է Քվեմո Քարթլիի նահանգապետը