Թբիլիսիի համար շատ կարևոր են այն գործընթացները, որ եվրաինտեգրման ուղղությամբ իրականացվում են Երևանում, քանի որ դարավոր պատմության ընթացքում երկու երկրների աշխարհաքաղաքական վեկտորները մոտենում են միմյանց: Դեպի Եվրոպա Հայաստանի Հանրապետության ճանապարհն անցնում է Վրաստանով, կարծում են վրացի վերլուծաբանները:
Ըստ նրանց՝ Երևանն ու Թբիլիսին Արևմուտքի ներգրավմամբ կարող են տևական խաղաղություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան: Նրանց գնահատմամբ՝ Հայաստանի և Վրաստանի եվրաինտեգրումը ազդակ կհանդիսանա նաև տարածաշրջանի եվրաինտեգրացիայի համար:
Հայագետ, վերլուծաբան, «Էթնիկական և կրոնական կապերի կենտրոն»-ի ղեկավար Լելա Ջեջելավան «Ալիք Մեդիա»-ի հետ զրուցում ասաց՝ Վրաստանի համար Հայաստանում եվրաինտեգրման ուղղությամբ տարվող գործընթացները շատ կարևոր են, քանի որ երկար տարիներ անց, մեր ընդհանուր պատմության ընթացքում Վրաստանի և Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորները մոտենում են միմյանց, ինչն էլ ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության, խաղաղության, տարածաշրջանի եվրոպական ապագայի համար:
Հայագետի գնահատմամբ՝ բնականաբար, Վրաստանը պետք է օրինակ և ուղենիշ դառնա Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին: Ջեջելավան նշեց՝ Հայաստանի և Վրաստանի եվրաինտեգրումը տարածաշրջանում կստեղծի կայունության, անվտանգության և բարգավաճման այնպիսի որակ, որ դարեր շարունակ չի եղել.
«Ես մեծ ուրախությամբ և հետաքրքությամբ եմ հետևում Հայաստանում ընթացող գործընթացներին: Հավատում եմ հայ ժողովրդի պայքարին. նրանք ճիշտ են գնահատում Հայաստանում ընթացող զարգացումները: Եվ բնական է, եթե մենք միասին լինենք այս ճանապարհին, հետո շատ բարդ կլինի հետ կանգնել այս գործընթացներից»:
Ջեջելավան նկատեց՝ Հայաստանի եվրաինտեգրացիային օգնելու համար, նախ, Թբիլիսին պետք է շատ հստակ քայլեր ձեռնարկի և անի հնարավորը, որ Վրաստանը շուտով բանակցություններ սկսի Եվրամիությանն անդամակցելու շուրջ, և այս հնարավորությունն անպայման պետք է օգտագործվի. սա խթան և փորձ կլինի Հայաստանի համար, որպեսզի Երևանն իմանա, թե ինչ ճանապարհ պետք է անցնի:
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին «Ալիք Մեդիա»-ին ասաց՝ այն արտաքին քաղաքականությունը, որ անկախությունից ի վեր ուներ Հայաստանը, ուղիղ կախման մեջ էր պահում Ռուսաստանից. դա բարձր էր պահում Ռուսաստանի ազդեցությունը Երևանի արտաքին և ներքին քաղաքականության վրա, ինչը, ըստ Բիլանիշվիլիի՝ «ինչպես տեսանք՝ դրական արդյունքի չհանգեցրեց»:
«Այս ֆոնին՝ լիովին հասկանալի և տրամաբանական է այն ընտրությունը, որ այժմ փորձում է անել Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ Արևմուտքի հետ խորացնել հարաբերությունները: Դա կապահովի Հայաստանի և՛ անվտանգությունը, և՛ տնտեսական բարեկեցությունը»:
Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի դերի մասին, Բիլանիշվիլին նշեց՝ Վրաստանը եվրաինտեգրման փորձ ունի, գիտի եվրոպական կառույցներին մերձենալու քայլերը և բնական է՝ կարող է Հայաստանին հաղորդել իր փորձը և օգնել, որ արագ տեմպով տեղի ունենա Հայաստանի եվրաինտեգրացիան:
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում: Տեղեկությունների համաձայն, քննարկել են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները: