Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիայի պաշտոնական այցը Հայաստան մեկնարկել է Բաղրամյան 26-ում դիմավորման հանդիսավոր արարողությամբ: Այս մասին հայտնում են Վրաստանի կառավարությունից:
Արդեն կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, որին հետևել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը:
«Մեր նախնիները հիմք են դրել մեծ բարեկամության: Ես կարող եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան, կկարողանանք մեր ստանձնած պարտավորությունները կատարել, ինչը կանդրադառնա յուրաքանչյուր քաղաքացու վրա: Չնայած երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն մենք համաձայն ենք, որ ունենք զարգացնելու հնարավորություն տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ոլորտներում», — հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջը շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար՝ ընդգծել է, որ իր վարչապետական շրջանի գլխավոր ձեռքբերումներից է Հայաստանի և Վրաստանի միջև նոր մակարդակի հարաբերությունների հաստատումը։